ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ս.թ. դեկտեմբերի 5-ին գիտակրթական դասախոսությամբ հանդես եկավ Յենայի (Գերմանիա) Մարդու գենետիկայի ինստիտուտի (Institute of Human Genetics, Jena, Germany) մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի աշխատակից Նիկլաս Պադուչը, ով հետազոտություններ է իրականացնում պրենատալ և քաղցկեղների մոլեկուլային-բջջագենետիկական ախտորոշման ուղղություններով:
Դասախոսության առաջին մասում Նիկլաս Պադուչը ներկայացրեց Մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի և աշխարհի մեկ տասնյակից ավելի լաբորատորիաների միջև համագործակցության ոլորտներն ու մոլեկուլային բջջագենետիկայի հեռանկարները։ Երկրորդ մասում գիտնականն անդրադարձավ ֆլյուորեսցենտ in situ հիբրիդիզացիայի (FISH) մեթոդի տարատեսակներին, բժշկա-գենետիկական խորհրդատվության և քրոմոսոմային մուտացիաների՝ ախտորոշիչ և գիտահետազոտական նպատակներով իրականացվող ուսումնասիրության ժամանակակից մոտեցումներին:
Բանախոսն իր ելույթում խոսեց նաև քրոմոսոմների և դրանց մուտացիաների ավտոմատ վերլուծության համար նախատեսված այն մեթոդների մասին, որոնք կատարվում են ֆլյուորեսցենտային մանրադիտակի և գենոմի օպտիկական քարտեզավորման միջոցով։
Դասախոսությունը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում գործող հայ-գերմանական միացյալ լաբորատորիայի և հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում (22SC-BMBF-1C001) ՀՀ ԿԳՄՍՆ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության աջակցությամբ։