ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում կազմակերպվեց հանդիպում բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի ուսանողների և «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի հատուկ մանկավարժների՝ Հասմիկ Մկրտչյանի և Սեդա Մուշեղյանի հետ։
Սոցիալ-մանկավարժական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունների ուսումնասիրությունն օգնում է բացահայտել սոցմանկավարժի աշխատանքի բազմակողմանիությունն ու արդյունավետության պայմանները։ Այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործընթացին ծանոթացնելու նպատակով ուսանողներին ներկայացվեցին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող համապատասխան աշխատանքների յուրահատկությունները, իսկ սահիկաշարի և տեսանյութերի միջոցով ներկայացվեցին բարձրագույն հոգեկան գործընթացների շարժիչ հայելային նեյրոնները, երեխայի՝ տարածության մեջ կողմնորոշվելու, տարածական տարբերակման և ընկալման գործընթացները։ Խաղերի, ցուցադրված տեսանյութերի, դիդակտիկ նյութերի միջոցով մանկավարժներին հաջողվեց համակողմանիորեն ներկայացնել հիմնախնդիրը։
Ապագա սոցմանկավարժների համար այս հանդիպումն իրենց մասնագիտությունն առավել խորությամբ ճանաչելու և սիրելու հնարավորություն էր: