ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Կոնվերս բանկի համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողների համար անցկացվեց «Բրենդի էվոլյուցիան թվային դարում. ինչպե՞ս են բանկերը ձևավորում վստահություն և հավատարմություն» թեմայով սեմինար, որը վարեց Կոնվերս բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կրոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցը։
Սերգեյ Ուսնունցն ընդգծեց, որ հանդիպման նպատակներից են ուսանողների հետ առավել սերտ ծանոթությունը և նրանց կարծիքները բացահայտելը։
Հանդիպման ընթացքում նա ուսանողներին ներկայացրեց բանկային ամուր բրենդ ձևավորելու գործում վստահության և անհատականացված մոտեցման վերափոխումը հիմնարար արժեքների, ինչպես նաև այն, թե ինչպես են բանկերը վերաբրենդավորման միջոցով ամրապնդում իրենց դիրքերը՝ համապատասխանելով ժամանակակից պահանջներին և մրցակցային միջավայրում ուժեղացնելով իրենց ազդեցությունը։ Անդրադարձ կատարվեց նաև հաճախորդների սպասումների փոփոխության դինամիկային և բրենդներին, այդ թվում՝ Կոնվերս բանկի արձագանքին այդ փոփոխություններին։
Կատարելով բանկի թվային վերափոխման գործընթացի վերլուծություն՝ բանախոսը խոսեց այն մասին, թե ինչու են բանկերն արագ անցնում թվային հարթակների, թարմացնում իրենց տարբերանշանները և վերափոխում տեսողական բրենդինգը՝ դառնալով համապատասխան հաճախորդների ակնկալիքներին։ Սերգեյ Ուսնունցը պատմեց նաև, թե ինչպես են ազդում նորարարությունները, թվային հավելվածները և ավտոմատացումը հաճախորդների յուրահատուկ փորձառության ձևավորման և բրենդի հանդեպ հավատարմության ամրապնդման վրա։
Օրինակների միջոցով քննարկվեցին ռազմավարությունները, որոնք հնարավորություն են տալիս բանկերին առավել սերտ գործակցություն ձևավորելու իրենց հաճախորդների հետ։
Սերգեյ Ուսնունցը ուսանողներին ներկայացրեց նաև ժամանակակից տեխնոլոգիաների և թվային ներկայության կարևորությունը հաճախորդների հետ շփման հարցում։ Նա մասնավորապես անդրադարձավ բրենդի փոփոխության ընկալմանը հասարակության շրջանում, երբ օգտատերերի ուշադրությունը կենտրոնանում է սմարթֆոնների էկրանների վրա։ Նա մանրամասնեց, թե ինչպես են բրենդները բջջային հավելվածների ոլորտում մրցակցում օգտատերերի ուշադրությունը գրավելու համար։ Վերոհիշյալ թեմայի շրջանակում դիտարկվեց, թե ինչպես կարող են տեխնոլոգիական հարմարավետ լուծումները նպաստել վստահության ամրապնդմանը և հաճախորդների հավատարմության ձևավորմանը։
Սեմինարի ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան ստացած գիտելիքներն ամփոփելու փոքրիկ հարցման միջոցով, որի ընթացքում լավագույն 3 արդյունքներ ցուցաբերած ուսանողներին շնորհվեցին մրցանակներ Կոնվերս բանկի կողմից։
Հանդիպման մասնակից Մերի Թոռունյանը նշեց, որ կարևորում է նմանատիպ սեմինարները, քանի որ դրանց շնորհիվ երիտասարդ մասնագետները առավել լավ պատկերացում են կազմում բանկային ոլորտի մասին, ինչպես նաև յուրահատուկ ձևաչափով ստանում են մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի և Կոնվերս բանկի միջև 2023 թվականին կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը միտված է միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար: