ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Campus NEC»-ի համագործակցության շրջանակում ս.թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ ուսանողների համար անցկացվեց «Ապագայի հմտություններ. soft skills, personal branding, networking» թեմայով պանելային քննարկում։
Պանելային քննարկման բանախոսն էր «Campus NEC» ընկերության ներկայացուցիչ Լիանա Պետրոսյանը։ Ելույթ ունեցան տարբեր ոլորտների մասնագետ-գործատուներ Հայկ Քոչարովը, Ռոզա Սոլոմոնյանը, Վրույր Օգանյանը՝ ուսանողներին տալով թեմայի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ և խորհուրդներ մասնագիտական հաջող գործունեություն ծավալելու համար։
Ներկայացվեց «Campus NEC»-ի գործունեությունը և ԵՊՀ-ի հետ համագործակցության տեսլականը: Հետայդու էկրանին ցուցադրված QR կոդի միջոցով ուսանողներն ուղղեցին իրենց հարցերը:
Քննարկման ընթացքում անդրադարձ արվեց փափուկ հմտությունների նշանակությանը գործատուի տեսանկյունից։ Այս համատեքստում ընդգծվեցին թվայնացման, միջանձնային շփման բալանսավորման կարևորությունը, անձնային բրենդիգում սոցիալական մեդիայի դերը, գրագետ նեթվորքինգի միջոցով ստեղծվող հնարավորությունները:
Հարցուպատասխանի շնորհիվ հանդիպման մասնակիցներն արտահայտեցին կարծիքներ գործատուին պատշաճ ներկայանալու, աշխատաշուկայում իբրև մասնագետ դրսևորվելու վերաբերյալ։
Ուսանողներին հնարավորություն տրվեց հաջորդիվ մասնակցելու առցանց հանդիպման՝ նախատեսված ինքնակենսագրականների, LinkedIn էջերի, անձնային բրենդավորման խորհրդատվության համար։
Միջոցառման ավարտին «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը ներկայացրեց «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» նախաձեռնությունը, որը հնարավորություն է ընձեռում 4-րդ կուրսի ուսանողներին մասնակցելու դասընթացների, ստանալու մասնագիտական փորձառություն, ինչպես նաև ուսման վարձի փոխհատուցում։