ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ուսանողական զեկուցումների՝ «ԽԿԿ չափորոշիչների և ՄԻԵԴ վճիռների դերը քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով մրցույթ։
Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների՝ Հայաստանի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերաբերելի վճիռների համակողմանի ուսումնասիրությունն ու վերլուծությունը: Հանդիպմանը ներկա էին Քրեակատարողական ծառայության, ՄԻՊ գրասենյակի, ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցչության գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հ. Խաչիկյանը՝ կարևորելով շրջանավարտ-ֆակուլտետ համագործակցության շարունակականությունը, որն առաջին հերթին կնպաստի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների մասին իրազեկմանը, ուսանողներին հնարավորություն կտա ցուցադրելու իրենց վերլուծական հմտությունները:
Նմանատիպ միջոցառումները նպաստում են քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների ավելի խորը ըմբռնմանը, խթանում են ակադեմիական ներգրավվածությունը, ինչպես նաև ձևավորում են Հայաստանում ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի արմատավորման և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրակարգ: Միջոցառումը լավ առիթ էր՝ արժևորելու մարդու իրավունքների պաշտպանության օրը ոլորտին վերաբերող արժեքավոր զեկուցումներ պատրաստելու և ներկայացնելու միջոցով։
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի տասնվեց ուսանողներ: Նրանք հաջողությամբ ելույթ ունեցան միջոցառմանը՝ ներկայացնելով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված իրենց տեսլականները։
Մրցույթի ամփոփումից հետո երեք մրցանակային տեղերը զբաղեցրին իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Էլեն Ասատրյանը, Դիանա Սիմոնյանը և Լևոն Բուռնազյանը: