ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն արդի շրջանում» թեմայով բանախոսություն, որի նպատակն էր քննարկել Վրաստանի արտաքին քաղաքականության եվրաատլանտյան ուղղությունները։ Բանախոսությունը ներկայացրեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։
Խոսելով թեմայի ուսումնասիրության կարևորության մասին՝ բանախոսն ընդգծեց. «Երբ հետազոտում ենք պատմության ընթացքը, տարբեր ժամանակաշրջաններում Հայաստան-Վրաստան հարաբերությունները, ներկայիս տարիները երբեմն դուրս են մնում ուսումնասիրման շրջանակից։ Եթե ներկա իրադարձություններին չես հետևում, դժվար է լինելու պատկերացնել և հասկանալ դրանց ազդեցությունն ապագայում։ Պատմության իմացությունից զատ՝ կարևոր է նաև իրադարձությունների համաժամանակյա հետազոտումը»։
Հ. Մելիքսեթյանն անդրադարձավ Հայաստանի և Վրաստանի ուսանողների փոխհարաբերությունների ձևավորման անհրաժեշտությանը՝ նշելով. «Ուսանողները և երիտասարդներն են շարժիչ ուժը, և նրանց փորձի ու տեսակետների փոխանակումը էական նշանակություն կարող է ունենալ փոխհարաբերությունների, կարծիքի ձևավորման վրա։ Փոխհարաբերությունների զարգացման ծրագրերը պետք է ուղղված լինեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների բարելավմանը, այլև գլոբալ ու տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկումներին, ինչը կօգնի երիտասարդներին միմյանց ավելի լավ ճանաչել ու փոխըմբռնում ձևավորել»։
Դասախոսության ավարտին Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին: Քննարկվեց Վրաստանում իրավիճակի կայունության և խաղաղ ճանապարհով հանգուցալուծման կարևորությունը Հայաստանի համար։
Նշենք, որ բանախոսությունը կազմակերպվել էր Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի և Վրացագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: