ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անժելա Սիմոնյանը, բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ Նելլի Ղարիբյանը, Անժելա Զարգարյանը, Լուիզա Համբարձումյանը և Մելինե Դաթոյանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կազմակերպած «Ex Oriente Lux» արևելագետների և աֆրիկագետների միջազգային ուսանողական գիտաժողովին։
Համաժողովին մասնակցել են ավելի քան 165 երիտասարդ հետազոտողներ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության համալսարաններից և հետազոտական կենտրոններից։
Մագիստրատուրայի ուսանող Անժելա Սիմոնյանը հանդես է եկել «Мavi Vatan. ծովային հավակնություններն ու ռազմավարական ազդեցությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա» զեկուցումով։
Նա իր խոսքում նշել է, որ Mavi Vatan հայեցակարգը Թուրքիայի ծովային հավակնությունների սահմանման ոչ միայն տեսական հիմք է, այլև արդի արտաքին քաղաքականության և ռազմական պրակտիկայում ակտիվորեն կիրառվող մոտեցում։
Բակալավրիատի ուսանող Նելլի Ղարիբյանը հանդես է եկել «Տառերի գաղտնիքը. օսմաներեն այբուբենի խորհրդանշանային իմաստների ուսումնասիրության փորձ» զեկուցումով։ Նրա խոսքով օսմաներեն այբուբենի տառերը ընկալվում են որպես սուրբ խորհրդանիշներ, որոնցից յուրաքանչյուրը հոգևոր աշխարհի ընկալումների արտացոլում է:
Այս առումով արաբական գրերի վրա հիմնված գրային համակարգը ոչ միայն գործնական լեզվական միջոց էր, այլև կարևոր մշակութային, կրոնական և միստիկական բովանդակության կրող՝ խորապես կապված իսլամական աստվածաբանության, սուֆիական փիլիսոփայության և տիեզերական կարգի ընկալման հետ:
Անժելա Զարգարյանը հանդես է եկել «Թուրքական համայնքի քաղաքական ազդեցությունը Գերմանիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման օրոք» զեկուցումով։
«Թեև Գերմանիայում թուրքական համայնքը տասնամյակներ շարունակ ազդել է քաղաքական գործընթացների վրա, այն մոնոլիտ չէ. բազմաթիվ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն աջակցում նախագահ Էրդողանին, այլև քննադատում են նրա ռեժիմը և արտահայտվում վերջինիս՝ Գերմանիայի ներքին գործերի միջամտության դեմ»,- նշել է Անժելան։
«2020 թվականից հետո Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերափոխումների ներքո թուրք-իրանական սահմանային փոփոխությունների վերարժևորումը» զեկուցումով հանդես է եկել Լուիզա Համբարձումյանը: Ըստ նրա՝ ներկայումս առաջնային կարևորություն է տրվում Նախիջևանին, որի միջոցով Թուրքիան կկարողանա իրագործել իր գաղափարները՝ Հայաստանի կամ Իրանի տարածքները ևս օգտագործելով:
Մելինե Դաթոյանը հանդես է եկել «Ռաբիա. դիմադրության խորհրդանիշից մինչև քաղաքական մարտավարություն (նշանագիտական վերլուծություն)»։ «Խորհրդանիշները կարևոր դեր են խաղում հասարակության ինքնության, արժեքների և հավաքական հիշողության ձևավորման գործում՝ վերածվելով պայքարի և գաղափարախոսությունների արտահայտման յուրօրինակ միջոցների: Դրանք հաճախ հանդես են գալիս որպես միասնականության կամ դիմադրության խորհրդանշաններ, որոնք միավորում են անհատներին ու խմբերին ընդհանուր գաղափարների շուրջ»,- նշել է Մելինեն։
Կոնֆերանսի շրջանակում ուսանողները հանդիպել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Էրմիտաժ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու և արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ալեքսեյ Անատոլևիչի հետ։
Կոնֆերանսի ավարտին ուսանողներին տրվել են մասնակցության վկայագրեր։