
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ամերիկյան «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության համագործակցության շրջանակում «BostonGene»-ի և «Armenian Code Academy»-ի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրին «React JS» կրթական ծրագիրը:
Հանդիպման շրջանակում բանախոսները ներկայացրին կրթական ծրագիրը, որը նախատեսված է համակարգչային գիտությունների ոլորտի ուսանողների համար։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերելու խորացված գիտելիքներ, աշխատելու նորարարական տեխնոլոգիաների վրա և կիրառելու ձեռք բերված գիտելիքները գործնական միջավայրում։
Տեղեկացնելով կրթական ծրագրի առավելությունների ու ընձեռվող հնարավորությունների մասին՝ կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծեցին, որ «React JS» կրթական ծրագրի շրջանակում կատարվում է արդի ու պահանջված տեխնոլոգիայի ուսումնասիրում, փորձառու մասնագետների աջակցություն և մենթորություն, գործնական հմտությունների ուսումնասիրում՝ աշխատելով իրական նախագծերի վրա, ինչպես նաև ապահովվում է մինչև 100% կրթաթոշակի տրամադրում՝ ծրագիրն անվճար անցնելու հնարավորությամբ։
Ծրագիրը լավագույն առաջադիմությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու «BostonGene»-ում, ինչը մեծ հնարավորություն է ոլորտում կարիերա ստեղծելու և զարգացնելու համար։