ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Մանուկյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանի (Observatory on History Teaching in Europe) փոխնախագահ:
Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի որոշմամբ 2020 թ. նոյեմբերին, երբ առանձին համաձայնագիր ստորագրվեց Եվրոպայի խորհրդի մասնակից երկրների միջև:
«Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանի հիմնական գործառույթն է դիտարկել ԵԽ անդամ երկրներում պատմության ուսումնասիրությունը, քանի որ կա տեսակետ, ըստ որի՝ երկրների միջև բախումները հիմնականում առաջանում են նաև դասավանդման ընթացքում երիտասարդ սերունդներին մատուցված խնդրահարույց տեղեկությունների հիման վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ դասավանդման ժամանակ ի հայտ գան ազգայնամոլության տարրեր, այլատյացություն, հնարավոր է նաև ցածր լինի հանդուրժողականության մակարդակը դասավանդման ընթացքում»,- ասաց ԵՊՀ գիտաշխատող, Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանի փոխնախագահ Սուրեն Մանուկյանը:
Նա նշեց, որ դիտարանում ուսումնասիրվում է, թե ինչպես է «Պատմություն» առարկան դասավանդվում ԵԽ անդամ երկրներում, սակայն նրա գործառույթը ոչ թե գրաքննելն է, այլ դիտարկելը։
«Փորձում ենք հասկանալ, թե տարբեր երկրներում որ դասարանից սկսած է դասավանդվում «Պատմություն» առարկան, ինչ մեթոդներ են կիրառվում դասավանդման ընթացքում, հիմնական շեշտադրումն ինչի վրա է դրվում՝ գիտելիքի՞, հմտությունների՞, թե՞ կարողությունների: Արդեն իսկ առանձին դասագրքերի և դասացուցակների քննարկման փուլին ենք հասել. 2026 թ. զեկույցը նվիրված կլինի դասացուցակների քննարկմանը, իսկ 2027 թ. զեկույցը՝ դասագրքերի»,- մատնանշեց Սուրեն Մանուկյանը:
ԵՊՀ գիտաշխատողը հավելեց նաև, որ դիտարանը պարբերաբար հրատարակում է տարբեր ձեռնարկներ՝ նպաստելու պատմության դասավանդման որակի բարձրացմանը։ Նշյալ ձեռնարկները հասանելի են նաև առցանց՝ դիտարանի կայքէջում։ Բացի դրանից՝ դիտարանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի կազմակերպվում են գիտաժողովներ՝ քննարկելու պատմության ուսումնասիրման նոր մեթոդաբանությունը, դասավանդման ու ներկայացման ձևերը, որոնց մասնակցելու հնարավորություն ունեն թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները:
«Երեք տարին մեկ հրապարակում ենք մեծ զեկույց պատմության ուսումնասիրման վիճակի մասին: Հրապարակել ենք նաև թեմատիկ երկու զեկույցներ, որոնցում անդրադարձել ենք պատմության դասագրքերում բնական աղետներին, դրանց ներկայացմանը դասավանդման ընթացքում, ինչպես նաև դպրոցական դասագրքերում տնտեսական ճգնաժամերին ու տնտեսության զարգացման արտացոլմանը»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ անցած տարի կազմակերպված գիտաժողովներից մեկի ժամանակ քննարկվել է նաև արհեստական բանականության ազդեցությունը պատմության դասավանդման վրա, իսկ մեկ այլ գիտաժողովի շրջանակում էլ ներկայացվել է՝ ինչպես պայքարել առցանց հարթակներում պատմական կեղծիքների տարածման դեմ:
«Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանի լիիրավ անդամ գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները շեշտում են, որ իրենց երկրներում «Պատմություն» առարկայի նկատմամբ թերահավատության աճ կա, և դա նկատվում է նաև այն պատճառով, որ պատմությունը կարծես չի կատարում իր հիմնական գործառույթը, այն է՝ վերլուծել անցյալը և ապագայում խուսափել բախումներից»,- ասաց Սուրեն Մանուկյանն ու հավելեց, որ դիտարանի դերը կարևոր է նաև իրենց՝ պատմագիտության ճգնաժամի համար որոշակի լուծումներ առաջարկելու տեսանկյունից:
Հայաստանը Եվրոպայի խորհրդի՝ Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանի հիմնադիր անդամներից է: Սուրեն Մանուկյանն այս կառույցում աշխատում է հիմնադրման օրվանից. նրա թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԳՆ կողմից: Նա վերջին 4 տարում դիտարանի բյուրոյի անդամ է եղել: Ներկայում ընտրվել է դիտարանի փոխնախագահ և հնարավորություն ունի վերընտրվելու երկու տարի անց:
Եվրոպայում պատմության ուսումնասիրության դիտարանի նախագահը Հունաստանի ազգային արխիվի տնօրեն Դմիտրի Սոտիրոպոլուսն է:
Հայաստանի հետ համահիմնադիր երկրներ են Ալբանիան, Անդորան, Ֆրանսիան, Կիպրոսը, Ուկրաինան, Վրաստանը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Հունաստանը, Իռլանդիան, Չեռնոգորիան, Պորտուգալիան, Սերբիան, Ռուսաստանը, Թուրքիան, Սլովենիան: Այսօր կազմակերպության լիիրավ անդամ երկրների թիվը 20 է:
«ԵԽ անդամ երկրներին խորհուրդ է տրվում անդամակցել կառույցին, սակայն, օրինակ, Ադրբեջանը հրաժարվել է անդամակցելուց: Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի դասագրքերը․ այնտեղ խնդրահարույց հարցերը շատ են, հետևաբար դիտարկելու փուլում հարցեր շատ կառաջանային: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով էլ Ռուսաստանն է դուրս բերվել կառույցից»,- ասաց Սուրեն Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ կառույցը համագործակցում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի հետ: Նախատեսվում է այս տարվա աշնանը ԵՊՀ-ում կազմակերպել միջոցառում ուսուցիչների համար, որի շրջանակում կդիտարկվեն հետազոտության ամբողջ արդյունքները՝ բարելավելու պատմության դասավանդման որակն ու մեծացնելու հետաքրքրությունը «Պատմություն» առարկայի նկատմամբ: