- Главная
- Node
- ԵՊՀ իրանագետների հետազոտության առանցքում է Իրանի քաղաքականության վերլուծությունը
Марта 12, 2025 | 12:12
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ իրանագետների հետազոտության առանցքում է Իրանի քաղաքականության վերլուծությունը
Հայաստանի հարավային հարևանի՝ Իրանի քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա մշտապես հետաքրքրության առարկա են եղել տարածաշրջանային ուսումնասիրողների համար։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասիստենտ, պ.գ.թ. Լիանա Պետրոսյանի ղեկավարած գիտահետազոտական թիմը ևս աշխատում է նշյալ թեմային առնչվող գիտական նախագծի շուրջ՝ նպատակ ունենալով բացահայտելու Իրանի քաղաքական զարգացումների ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել Լիանա Պետրոսյանի «Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական հոսանքների ազդեցությունը Իրանի հարավկովկասյան քաղաքականության վրա (2013-2024 թթ.)՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության օրինակով» խորագրով գիտական նախագիծը, որը կարող է կարևոր դերակատարում ունենալ Իրանի քաղաքական զարգացումների խորքային վերլուծության ճանապարհին։
Հետազոտական թիմը
Հետազոտական թիմի կազմում են երիտասարդ իրանագետներ, որոնց միավորում է ոչ միայն գիտությունը, այլև ընկերական հարաբերություններն ու հարազատ դարձած ամբիոնը։

«Հետազոտական այս նախագիծը ոչ միայն գիտական, այլև ընկերական համագործակցության վառ օրինակ է։ Մենք բոլորս աշխատել ենք միասին, և հետաքրքրությունների ընդհանուր շրջանակ ունենալն էլ պայմանավորել է ներկայում թիմային աշխատանք կատարելը»,- նշում է Լիանա Պետրոսյանը։
Նրանք արդեն երկար տարիներ ուսումնասիրում են այս թեման, տարբեր գիտաժողովներում զեկուցումներ են ներկայացրել, հատկապես՝ 44-օրյա պատերազմի հետևանքով փոխված իրավիճակի վերլուծության համատեքստում։
«Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ուղիղ ազդեցություն ունեն մեր հետազոտությունների վրա։ Իրանի քաղաքական հոսանքների դիրքորոշումները Հարավային Կովկասի նկատմամբ դարձել են մեր ուսումնասիրության առանցքային թեմաներից»,- ընդգծում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը։
Ուսումնասիրվող ժամանակահատվածը
Հետազոտության շրջանակում դիտարկվում են 2013-2024 թթ. իրադարձությունները։

«Ուսումնասիրության համար ընտրել ենք 2013 թվականը, քանի որ հենց այդ տարի ավարտվեց Մահմուդ Ահմադինեժադի նախագահության շրջանը, և իշխանության եկավ բարեփոխական Հասան Ռուհանին։ Այս շրջանը հատկանշական էր Իրանի ներքին և արտաքին քաղաքականության վերափոխման տեսանկյունից»,- նշում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Նարե Գևորգյանը։
Հետազոտության փուլերն ու մեթոդաբանությունը
Հետազոտությունը կատարվում է փուլ առ փուլ՝ տրամաբանորեն կազմակերպված կարգով։ Նախ և առաջ՝ թիմը զբաղվում է տվյալների հավաքագրմամբ՝ ուսումնասիրելով Իրանի մամուլը, պաշտոնական հայտարարությունները, պետական և ակադեմիական աղբյուրները։
«Մեզ համար կարևոր է ոչ միայն Իրանի քաղաքական պաշտոնական հռետորաբանությունը, այլև դրա ընկալումը քաղաքական տարբեր շրջանակների կողմից»,- նշում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը։

Հետազոտական աշխատանքի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև կլոր սեղան-քննարկումներ և գիտաժողովներ։ Մեծ կարևորություն է տրվում միջազգային համագործակցությանը. թիմն արդեն գործակցային կապեր ունի Իրանի համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ, ինչի շնորհիվ նախատեսվում են փորձի փոխանակման հանդիպումներ և համատեղ ուսումնասիրություններ։
Բացի դրանից՝ հետազոտության արդյունքները կարող են հիմք ծառայել թիմի այն անդամների ատենախոսությունների համար, որոնք իրենց գիտական աշխատանքներում անդրադառնում են այս թեմային։
Ակնկալիքներ և գիտական նշանակություն
Հետազոտական խումբը նպատակ ունի ոչ միայն գիտական համայնքի համար նոր տեսություններ և վերլուծություններ առաջարկելու, այլև օգնելու քաղաքական շրջանակներին՝ առավել հստակ պատկերացում կազմելու Իրանի դիրքորոշման վերաբերյալ։
«Հույս ունենք, որ մեր հետազոտության արդյունքները օգտակար կլինեն նաև քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր նպատակն է կատարել ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն ունեցող վերլուծություններ»,- նշում է Արփինե Առուշանյանը։
Բացի դրանից՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը, միշտ առանձնանալով իր գիտական ներուժով, այս ծրագրի շնորհիվ կարող է է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը միջազգային գիտական հարթակներում։
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ի դեմս ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի, կարևոր դերակատարում ունի հայ-իրանական հարաբերությունների գիտական ուսումնասիրության գործում։ Մենք հույս ունենք, որ այս հետազոտությունը, ինչպես նաև իրանագիտության ամբիոնի կողմից կատարվող այլ հետազոտություններ, իրենց ներդրումը կունենան մեր գիտական դպրոցի զարգացման գործում»,- հավելում է Լիանա Պետրոսյանը։
Այս հետազոտությունը կարևոր է ոչ միայն ակադեմիական ուսումնասիրությունների, այլև տարածաշրջանային քաղաքականության առավել խոր ընկալման տեսանկյունից։