- Главная
- Node
- ՀՀ մի շարք գետերում լիովին վերացել է կենսաբազմազանությունը. ԵՊՀ հետազոտողը կառաջարկի վնասված էկոհամակարգը վերականգնելու լուծումներ
Марта 12, 2025 | 11:34
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
ՀՀ մի շարք գետերում լիովին վերացել է կենսաբազմազանությունը. ԵՊՀ հետազոտողը կառաջարկի վնասված էկոհամակարգը վերականգնելու լուծումներ
Հանքարդյունաբերության ազդեցությունը, կենցաղային կեղտաջրերն ու ջրային ռեսուրսների սխալ կառավարումը հանգեցրել են Ախթալա, Կավարտ, Կարճևան, Գետառ գետերի աղտոտվածությանը, ինչի հետևանքով էլ նշված գետերում լիովին անհետացել է ջրային կենսաբազմազանությունը։ Այս խնդիրն արձանագրել է ԵՊՀ ավագ գիտաշխատող Լիանա Մարգարյանը, որը գիտական խմբի հետ ուսումնասիրել է հանրապետության ավելի քան 30 գետերի ջրաքիմիական ռեժիմներն ու էկոլոգիական վիճակը: Ներկայում գիտաշխատողի հետազոտության տիրույթում են ՀՀ գետերի ինքնամաքրման ջրաքիմիական ունակությունը և դրա վրա մարդածին ճնշումների ազդեցությունը: Հետազոտության արդյունքում կառաջարկվի գիտականորեն հիմնավորված լուծումներ՝ մարդածին ազդեցության հետևանքով գետերի վնասված էկոհամակարգի վերականգնման համար:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր Լիանա Մարգարյանի «Հայաստանի գետերի ինքնամաքրման ջրաքիմիական ունակության և դրա վրա անթրոպոգեն ճնշումների ուսումնասիրում և քանակական գնահատում» վերտառությամբ նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ-ի «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
Լիանա Մարգարյանը ներկայացրել է առկա խնդիրներն ու մատնանշել հետազոտությունից սպասվող արդյունքները:
Շարունակական աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների սխալ կառավարումը՝ գետերի անհետացման պատճառներ

Մարդու օրգանիզմի իմունային համակարգի նման բնական ջրային էկոհամակարգերն օժտված են ինքնամաքրվելու և ինքնավերականգնվելու ունակությամբ։ Այս բնական, յուրատիպ հատկության շնորհիվ գետեր թափվող աղտոտիչները ջրում ընթացող մի շարք ջրաքիմիական պրոցեսների հաշվին սկսում են քայքայվել, ու բնականից նվազեցվում է այդ աղտոտիչների ազդեցությունը գետերի ջրային էկոհամակարգի վրա։ Սակայն, շարունակական բարձր աղտոտվածությունը, ջրային ռեսուրսների սխալ կառավարումը, կլիմայի փոփոխությունը և մի շարք այլ գործոններ կարող են լիովին խախտել գետերի ինքնամաքրվելու ունակությունն ու հանգեցնել դրա անհետացմանը։ Ծրագրի շրջանակում մեր նպատակն է ուսումնասիրել և որոշել ՀՀ գետերի ինքնամաքրման ջրաքիմիական ունակությունը և դրա վրա մարդածին ճնշումների ազդեցությունը։
Կմշակվի գիտական մեթոդ՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու պահպանման համար
Այս հետազոտության արդյունքները կարևոր նշանակություն կունենան ոչ միայն ժամանակակից հիդրոքիմիայի և ջրային ռեսուրսների կառավարման, այլ նաև ընդհանրապես համաշխարհային գիտության համար։ Ծրագրի առանձնահատկությունը (գիտական նորույթը) այն է, որ առաջին անգամ Հայաստանում և, առհասարակ, Հարավային Կովկասի տարածաշրջանում գործնական տվյալների և վերլուծությունների հիման վրա կմշակվի ինքնամաքրման ունակությունների և էվտրոֆիկ ազդեցության կախվածության գնահատման մեթոդ, ինչը կնպաստի թանկարժեք քաղցրահամ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու պահպանմանը հետագա սերունդների համար։
Այսպիսով՝ այս ուսումնասիրության արդյունքները թույլ կտան մեզ բացահայտել գիտականորեն հիմնավորված լուծումներ գետերի վնասված էկոհամակարգի վերականգնման համար, որն առաջացել է մարդածին բարձր ճնշման ազդեցության հետևանքով:
Գետերի ինքնամաքրման ունակության որոշումը՝ միտված գետերի էկոհամակարգի դեգրադացումը կանխելուն
Վերջին 13 տարիներին գիտական խմբի հետ ներգրավված եմ ՀՀ մակերևութային ջրերի ջրաքիմիական հետազոտական, գնահատման, մոդելավորման և կանխատեսման աշխատանքներում։

Ուսումնասիրել ենք հանրապետության ավելի քան 30 գետերի ջրաքիմիական ռեժիմներն ու էկոլոգիական վիճակը՝ պայմանավորված տարբեր տիպի աղտոտման աղբյուրներով։ Այս հետազոտությունների արդյունքում պարզել ենք, որ լեռնային, արագահոս ու տեղանքի երկրաքիմիական առանձնահատկություններով պայմանավորված՝ ՀՀ-ում գետերն ունեն ինքնամաքրվելու բարձր ունակություն, որի հաշվին բնական ճանապարհով որոշակիորեն նվազում է մարդածին ներգործությունը, ուստի նվազում է աղտոտվածությունը։ Չնայած ինքնամաքրվելու մեծ ունակության՝ հանքարդյունաբերության գործունեության, կոմունալ-կենցաղային ու արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով ՀՀ գետերն ինտենսիվորեն աղտոտվում են տարբեր բնույթի աղտոտիչներով։ Արդյունքում գետերի ջրային էկոհամակարգն աստիճանաբար սկսում է դեգրադացվել, փոխվում են ջրաքիմիական կազմն ու ռեժիմը, և սկսում է ոչնչանալ ջրային կեսաբազմազանությունը։ Նմանօրինակ գետեր Հայաստանում, ցավոք, արդեն կան, դրանցից են Ախթալա, Կավարտ, Կարճևան, Գետառ գետերը, որտեղ մի դեպքում՝ հանքարդյունաբերության ազդեցությամբ, մյուս դեպքում՝ կենցաղային կեղտաջրերով ու սխալ կառավարման հետևանքով լիովին անհետացել է ջրային կենսաբազմազանությունը՝ վերածելով գետը «թափոնաջրերի»։

Մեր առջև խնդիր ենք դրել շարունակելու հետազոտություններն ու խորությամբ ուսումնասիրելու գետերում ընթացող ջրաքիմիական ինքնամաքրման գործընթացները, բացահայտելու դրանց կապն աղտոտվածության և էվտրոֆիկացման գործընթացների հետ, մշակելու գետերի ինքնամաքրման ունակության որոշման մեթոդ, որը թույլ կտա կանխել գետերի էկոհամակարգի դեգրադացումը, կայացնել գիտականորեն հիմնավորված որոշումներ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանման ժամանակ։
Միջազգային համագործակցությամբ կմշակվի աշխարհի տարբեր գետերի համար ինքնամաքրման կարողության որոշման համապարփակ մեթոդ
Չորս հետազոտողներից և մեկ միջազգային խորհրդատուից բաղկացած խմբում ներառված են և՛ գիտական ասպարեզում առաջին քայլերը կատարող, և՛ ոլորտում արդեն որոշակի ճանապարհ անցած երիտասարդ գիտնականներ: Գիտական խմբի անդամներն են ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Վլադիմիր Վարդապետյանը, Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի ավագ լաբորանտ Աննա Սոլոյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Դավիթ Մարտիրյանը:
Էկոլոգիական հետազոտությունների ոլորտում իմ ունեցած երկար տարիների գիտական և գործնական փորձառությունն այս ծրագրի շրջանակում կշարունակեմ ու կփոխանցեմ խմբի երիտասարդ մասնակիցներին։

Ծրագրի արդյունավետ իրականացման և ժամանակակից մեթոդաբանական մոտեցումներ կիրառելու նպատակով խմբում ներառված է նաև միջազգային խորհրդատու՝ դոկտոր Լյուսի Սեմերջյանը։ Խորհրդատուն Շարժայի համալսարանի (ԱՄԷ) առողջապահական գիտությունների քոլեջի բնապահպանական գիտությունների դոցենտ է և շրջակա միջավայրի առողջության գիտությունների ամբիոնի վարիչը: Պրոֆեսոր Սեմերջյանի գլխավորությամբ Շարժայի համալսարանի շրջակա միջավայրի առողջության գիտությունների ամբիոնն ունի բնապահպանական ուսումնասիրությունների և հետազոտությունների մեծ փորձ: Շարժայի համալսարանի հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը հնարավորություն կտան խմբին որոշելու Հայաստանի գետերի ինքնամաքրման ունակությունը, գնահատելու և էվտրոֆիկ գործոնները բացահայտելու ճիշտ ճանապարհը, ինչպես նաև մշակելու ինքնամաքրման կարողության որոշման համապարփակ մեթոդ աշխարհի տարբեր գետերի համար:
Հետազոտության արդյունքները կհրապարակվեն միջազգային և տեղական ամսագրերում, կներկայացվեն գիտաժողովներին, իսկ վերջնական արդյունքներն ու եզրահանգումները նաև կփոխանցվեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին՝ ՀՀ ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման ժամանակ կիրառելու համար։