- Главная
- Node
- Հնարավորություններ, գիտելիքներ, փորձառություն. ԵԼՀ ուսանող Ռուզաննա Սարգսյանը՝ Գերմանիայում կրթություն ստանալու մասին
Марта 13, 2025 | 12:27
Կրթություն
Ուսանողական
Հնարավորություններ, գիտելիքներ, փորձառություն. ԵԼՀ ուսանող Ռուզաննա Սարգսյանը՝ Գերմանիայում կրթություն ստանալու մասին
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, գերմաներեն և հաղորդակցություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Սարգսյանը մեկ ամիս առաջ է վերադարձել Գրայֆսվալդի համալսարանից (Գերմանիա), որտեղ ուսանել է մեկ կիսամյակ։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնական նպատակներից է եղել կատարելագործել գերմաներենի իմացությունը, ինչպես նաև օտարերկրյա ուսանողներին փոխանցել Հայաստանի և հայկական մշակույթի մասին ճշգրիտ տեղեկություններ։

Գերմանիայում ուսանելու փորձը ուսանող Ռուզաննա Սարգսյանի համար ոչ միայն գիտելիքների, այլև մշակութային նոր հորիզոնների բացահայտման հնարավորություն էր։ Oգտվելով «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ նա հինգ ամիս ուսանել է Գրայֆսվալդի համալսարանում. այնտեղ ստացած նոր գիտելիքները և փորձը թույլ են տվել նորովի մոտենալ լեզվաբանությանը, մշակույթների փոխգործակցությանը և միջմշակութային հարցերին։ Այս ամենը և՛ նպաստել է նրա մասնագիտական աճին, և՛ առիթ է դարձել պատմելու գերմանացի ուսանողներին Հայաստանի, հայկական մշակույթի մասին։
-Գրայֆսվալդի համալսարանում (Գերմանիա) մեկ կիսամյակ ուսանելու ընթացքում ի՞նչ նոր գիտելիքներ ձեռք բերեցիք: Դասընթացներն ու պրակտիկան ի՞նչ հմտություններ տվեցին ձեզ։

-«Էրազմուս+» ծրագիրը լավ հնարավորություն է ստեղծում ուսանողների համար՝ բարելավելու գիտելիքները ոչ միայն լեզուների, այլ նաև միջմշակութային շփումների հարցերում։ Արտերկրում ուսանելու փորձը, անշուշտ, շատ արժեքավոր է: Այս ընթացքում ուսումնասիրեցի նոր մշակույթներ, սովորեցի նոր լեզուներ և ձեռք բերեցի օտարերկրացի նոր ընկերներ։ Բացի այդ՝ արտերկրում ծանոթացա գերմաներենի դասավանդման մեթոդներին և ձեռք բերեցի նոր միջմշակութային փորձառություն։ Վերջին հինգ ամիսների ընթացքում կատարելագործեցի այնպիսի հմտություններ՝ ինքնավստահություն, հաղորդակցում, ինքնուրույնություն, որոնք պետք են գալու ամբողջ կյանքիս ընթացքում։ Մի բան, սակայն, ինձ համար ակնհայտ է. մեր համալսարանն ավելի խստապահանջ և պատասխանատու է ուսանողին կրթելու գործում։ Երբեմն մենք այստեղ սովորում ենք ավելին, քան պետք է (ժպտում է)։

ԵՊՀ-ն տվել է և շարունակում է տալ հնարավորություններ՝ տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելու և անձնային շատ որակներ բացահայտելու առումով։ Լեզվի իմացության շնորհիվ, օրինակ, այսօր կարողանում եմ հեշտությամբ հաղորդակցվել օտարերկրացիների հետ: Դրանից բացի՝ ՈՒԽ-ի կազմակերպած յուրաքանչյուր միջոցառում և ծրագիր ընձեռում է ինքնազարգացման ու ընկերներ գտնելու նոր հնարավորություն»։
-Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք և ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:
-Հետաքրքիր էր ճանաչել գերմանացիների մտածելակերպն ու ծանոթանալ նրանց սովորույթներին։ Առաջին իսկ օրը մշակութային շոկ ապրեցի. երեք ծանր ճամպրուկով փորձում էի գնացքից դուրս գալ և սպասում էի, որ կողքիս կանգնածներից որևէ մեկն ինձ օգնելու է: Մինչդեռ նրանք պարզապես սպասում էին՝ գնացքից դուրս գամ։ Այդ պահից հասկացա՝ այստեղ պետք է հույսս դնեմ միայն ինձ վրա և համակերպվեմ, որ Հայաստանում չեմ։ Հաջորդը՝ պայմանագիր ստորագրելուց առաջ սովորեցի նախ կարդալ այն․ Գերմանիայում ստորագրել էի համացանցի հասանելիության պայմանագիր առանց իմանալու, որ այն 2 տարի ժամկետով է և այն էլ ոչ թե հեռախոսի համար է, այլ տան: Եթե չլինեին խոչընդոտները, ապա կյանքը չէր լինի այդքան հետաքրքիր։
-Ինչպիսի՞ն էր ուսման կազմակերպման գործընթացը։ Կպատմե՞ք ուսանողական կյանքի մասին։

-Գրայֆսվալդի համալսարանում ուսանողը, ըստ իր մասնագիտացման, ինքն էր ընտրում իր կիսամյակի առարկաներն ու պարտաճանաչ կերպով հաճախում դասերի՝ յուրաքանչյուրը 1 ժամ 30 րոպե տևողությամբ։ Տնային հանձնարարություն քիչ էր տրվում, իսկ կրեդիտներ հավաքում էինք թեմայի վերաբերյալ սահիկաշար ներկայացնելով։
Հետաքրքիր էր մասնակցել «Միջմշակութային հարաբերություններ» («Interkulturalität») դասաժամին, որի ուսանողները տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչներ էին։ Մեր դասախոսը, իմանալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, առաջարկեց վերլուծել թուրք հեղինակի գիրք։ Նույնիսկ դասաժամերից մեկի ընթացքում ցուցադրեց մի ֆիլմ, որտեղ թուրքերը տարածում էին կեղծ տեղեկություններ։ Առիթը բաց չթողնելով՝ մենք՝ հայ ուսանողներս, խոսեցինք մեր պատմության և մշակույթի մասին։
-Ռուզաննա՛, ի՞նչ նախասիրություններ ունեք և ինչո՞վ եք զբաղվում։ Արդյո՞ք կիրառում եք Ձեր մասնագիտական հմտությունները։

-Ազատ ժամանակս հաճախ տրամադրում եմ հայկական ազգային պարերին։ Սովորում եմ, նաև դասավանդում գերմաներեն մասնավոր ընկերությունում։
Ակնհայտ է, որ «Էրազմուս+» ծրագիրն ինձ տվեց այնպիսի կարևոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են գերմաներենն առավել մատչելի և հետաքրքիր դասավանդելու գործում: Սկսեցի դասընթացը վարել ոչ միայն հայերենով, այլև ռուսերենով։
Ուսումնառության ժամանակահատվածում տարբեր լեզուներով հաղորդակցվելն օգնեց ինձ չշփոթել իմացածս լեզուները։ Իսկ հաղորդակցական հմտություններիս բարելավումն ու բոլորի հետ լեզու գտնելու ունակության կատարելագործումը մեծապես օժանդակեցին ավելի հմտանալու HR ոլորտում։
-Իսկ ի՞նչ նպատակներ ունեք, արդյո՞ք ցանկանում եք շարունակել ուսումը։
-Նպատակներս բազմազան են: Ամենակարևորն այն է, որ իմ մասնագիտության ոլորտում լինեմ լավագույններից մեկը։ Ցանկանում եմ նաև լինել նրանցից, ովքեր, նոր սերնդին փոխանցելով մեր հարուստ ժառանգությունը, միաժամանակ օտարներին շարունակաբար ծանոթացնում են հայկական մշակույթին և պատմությանը, ակտիվորեն նպաստում դրանց պահպանմանն ու տարածմանը: