ԵՊՀ պատմության ֆակուլտետը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը հայտարարում են երախտագիտության և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակային ծրագրի 5-րդ մրցույթի մեկնարկը։ Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի խնկելի հիշատակին (Վահագն Թումասյանի կյանքի և սխրանքի մասին՝ այս տեսանյութում):
Չափորոշիչները
Մրցանակը նախատեսում է տարեկան 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին (սկսած բակալավրիատի 3-րդ կուրսից), որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․
առաջադիմություն,
գիտական ակտիվություն,
նորարար միտք,
քաղաքացիական հանձնառություն։
Մրցույթին մասնակցելու կարգը
Անհարժեշտ է մինչև ս․թ․ մարտի 30-ը history@ysu.am և a2petros@yahoo.com էլհասցեներին ուղարկել և ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրասենյակ (216 սենյակ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
ինքնակենսագրություն (CV),
մոտիվացիոն նամակ,
կրթական և գիտական հաջողությունները վկայող նյութեր (եթե այդպիսիք կան)։
Կրթամրցանակակրի ընտրության թափանցիկ և անաչառ ընթացքը կապահովի հանձնաժողովը, որը բաղկացած է Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, Թումասյան ընտանիքի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներից: Կրթամրցանակի հովանավորը Թումասյան ընտանիքն է։
Մրցույթի ընթացակարգը նկարագրված է նախորդ կրթամրցանակների մասին նյութում:
Կրթամրցանակները կհանձնվեն ընդհանուր մրցույթի մասնակից ԵՊՀ 6 ֆակուլտետների ներֆակուլտետային մրցույթների ամփոփումից հետո՝ հաջորդ կիսամյակ կայանալիք կրթամրցանակաբաշխության միացյալ արարողության ժամանակ։
«Ոսկի սերմերը» մեր հարգանքի տուրքն է Արցախյան գոյամարտի հերոսների հիշատակին։ Մրցույթի նպատակն է, հանուն հայրենյաց անմահացած այդ նվիրյալների անունները մեր երկրի կրթության, գիտության և մշակույթի առաջընթացի գաղափարին շաղկապելով, խրախուսել օժտված, շնորհալի երիտասարդներին։ Ծրագրի կարգախոսն է՝ «ՄԵԶ ԹԱՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԳԻՏԵԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ՍԵՐՄԵՐ ԵՆՔ»։ 2021-ից Հայաստանի 5 բուհում գործում է 11 կրթամրցանակ։ Այս տարիների ընթացքում շուրջ 70 կրթամրցանակակիր ունենք՝ 70 ոսկի ծիլ, որոնք շարունակում են Վահագն Թումասյանի և մեր մյուս ոսկի սերմերի կիսատ թողած գործը։