ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության կենսահնագիտությունը» թեմայով սեմինար։ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Ռուզան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։ Դասախոսությունն անցկացվեց ԵՊՀ գիտական արդյունքների ամփոփիչ սեմինարի շրջանակում։

Բանախոսը ներկայացրեց Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության կենսահնագիտական ուսումնասիրությունների արդյունքները։ Նա ընդգծեց, որ այս տարածքը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այնտեղ նյութը շատ լավ է պահպանվում, իսկ հնագիտական գտածոներն այնքան առատ են, որ ԽՍՀՄ ամենախոշոր հավաքածուներից մեկը ձևավորվել է հենց այս պեղումներից։
Մարդկային ոսկորի մնացորդների կենսահնագիտական ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է վերակազմել հին հանրության կենսակերպը: Գիտական խմբի ուսումնասիրությունը ենթադրում է ժամանակակից մեթոդներով պեղումներ, մարդաբանական գտածոյի փաստագրում, ճիշտ ախտորոշում:
«Ոսկորը պարունակում է բավականին ստույգ ինֆորմացիա։ Ուսումնասիրելով տարբեր մարդկանց ոսկորներն ու համադրելով արդյունքները՝ կարող ենք վերականգնել տվյալ հանրության կենսակերպը, կյանքի որակը, այդ ժամանակահատվածում տարածված հիվանդությունները, կյանքի տևողությունը, սեռատարիքային առանձնահատկությունները, մարդաբանական տիպը, մահացության ցուցանիշները, թաղման ծեսը», – նշեց Ռ․ Մկրտչյանը։
Բանախոսը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են կատարվել ուսումնասիրությունները, ինչ մեթոդներ են կիրառվել և ինչ նոր տվյալներ են ստացվել Սևանի ավազանի բնակչության վերաբերյալ։
Սեմինարը եզրափակվեց մասնակիցների քննարկումներով, որտեղ ներկայացվեցին նոր մոտեցումներ և առաջարկներ՝ հետագա ուսումնասիրությունների համար։