ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Դիանա Գազարովայի գլխավորությամբ Երևանի Նաիրի Զարյանի անվ․ N130 հիմնական դպրոցի աշակերտների համար անցկացվեց ինտերակտիվ դաս՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 90-ամյակին:
Նշյալ դպրոցի աշակերտները պարբերաբար այցելում են ֆակուլտետ, մասնակցում տարբեր թեմաներով դասերի։ Սակայն այս դասի ձևաչափը տարբերվում էր նախորդներից. աշակերտները նախապես չգիտեին, թե ինչ թեմայով է անցկացվելու դասը: Նրանք քննարկում էին տեքստը, պատասխանում հարցերին և փորձում կռահել, թե որ գրողի ստեղծագործությունն են վերլուծում։ Դպրոցականներն անկաշկանդ արտահայտում էին իրենց հետաքրքիր, խոր և ինքնատիպ մտքերը:
Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան Լեոնիդ Ենգիբարյանին՝ որպես նովելների հեղինակի, վերլուծեցին նրա ստեղծագործություններից մի քանիսը, քննարկեցին, թե ինչ կերպարներ և խորհրդանիշներ է օգտագործել Ենգիբարյանն իր ստեղծագործություններում:
Լեոնիդ Ենգիբարյանի պատմվածքների քննարկումից հետո աշակերտները դիտեցին նրա մնջախաղերից մեկի տեսագրությունը:
Հանդիպման ավարտին անցկացվեց վիկտորինա, որի առավել ակտիվ մասնակիցները որպես նվեր ստացան գրքեր և հավաստագրեր: