Ֆակուլտետի առաքելությունը ոչ միայն տեսական գիտելիքներ փոխանցելն է, այլև ուսանողներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելը։ Աշխատաշուկայի պահանջները փոփոխվում են բավականին արագ՝ թելադրված տեխնոլոգիական զարգացումներով, գլոբալ տնտեսական փոխակերպումներով և կառավարման նորարար մոտեցումներով, ինչը պահանջում է հարմարվողականություն և արագ ու ճկուն գործնական լուծումներ։ Այս իրողությունները հաշվի առնելով՝ ֆակուլտետը կրթական գործընթացը կառուցում է այնպես, որպեսզի ուսանողները ոչ միայն ստանան հիմնարար տեսական գիտելիքներ, այլև ձեռք բերեն գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մասնագիտական միջավայրում արդյունավետ գործելու համար։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ամփոփվեցին մասնագիտական պրակտիկայի արդյունքները: Ձևավորված միտումների, առկա գնահատականների մասին պատմում է ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը:
-Պարո՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս կգնահատեք մասնագիտական պրակտիկայի կազմակերպման արդյունավետությունը: Ի՞նչ արդյունքներ եք արձանագրել և ինչպիսի՞ միտումներ կառանձնացնեք։
-Մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը մեր կրթական գործընթացի առանցքային բաղադրիչներից է։ Այս գործընթացը չափազանց կարևոր է, քանի որ այն նաև որոշակիորեն, կարծես, ամփոփում է ուսանողի մասնագիտական ուսումնառությունը: Ֆակուլտետում պրակտիկայի արդյունավետության գնահատման տեսանկյունից վերջին տարիներին արձանագրել ենք մի շարք դրական զարգացումներ։ Նախ՝ պրակտիկայի կազմակերպման շրջանակում ձևավորվել է կայուն համագործակցային ցանց՝ ներառելով թե՛ պետական կառույցներ, թե՛ մասնավոր հատվածի առաջատար կազմակերպություններ։ Սա թույլ է տալիս ուսանողներին անցնել պրակտիկա ոլորտների լայն սպեկտրում՝ հիմնվելով իրենց մասնագիտացման ուղղությունների վրա։ Անշուշտ, ֆակուլտետը հետևողականորեն ձգտում է կատարելագործել այս գործընթացը։ Վերջին շրջանում մենք կարևորում ենք նաև պրակտիկան կազմակերպող կազմակերպությունների հետ հետադարձ կապի ապահովման կառուցակարգերի բարելավումը:
Կատարված ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ ուսանողների ավելի քան 35%-ը ստացել է աշխատանքի առաջարկ նույն կազմակերպության կողմից, որտեղ անցկացրել է պրակտիկան։ Մեծ տեսակարար կշիռ են կազմում նաև այն ուսանողները, որոնք ուսումնառության ընթացքում ֆակուլտետի աջակցությամբ և երաշխավորությամբ կարողանում են աշխատանքի անցնել: Այս միտումը հատկապես նկատելի է վերջին մի քանի տարիներին, ինչը խոսում է մեր ուսանողների և շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին։ Գործատուների արձագանքները ևս դրական են։ Նրանք բարձր են գնահատում մեր ուսանողների տեսական պատրաստվածությունն ու գործնական հմտությունները՝ նշելով, որ ֆակուլտետը մեծապես նպաստում է որակյալ կադրերի պատրաստման և համալրման գործընթացին։ Այսպիսի փոխադարձ վստահության և գործընկերության մթնոլորտում ձևավորվում է մի համակարգ, որտեղ շահում է և՛ ուսանողը, և՛ գործատուն։

- Ո՞ր կազմակերպություններն են նախընտրում ուսանողները:
- Որպես կանոն՝ ուսանողները հետաքրքրված են առաջատար և ազդեցիկ կազմակերպություններով և պետական կառույցներով, որոնք իրենց բնույթով ու գործառույթներով անմիջականորեն առնչվում են տնտեսագիտության հետ: Ըստ այս տարվա արդյունքների՝ ուսանողների մոտ կեսը իր պրակտիկան անցել է ֆինանսական հատվածի կազմակերպություններում՝ ՀՀ կենտրոնական բանկում, Ֆոնդային բորսայում և առևտրային բանկերում: Նախընտրելի ուղղություններից են եղել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, տարբեր նախարարությունները, Կառավարությունը: Ուսանողները հետաքրքրված են նաև մասնավոր հատվածում գտնվող առաջատար ընկերություններով, որոնք ակտիվորեն աշխատում են նորարարական և տեխնոլոգիական ոլորտներում՝ ապահովելով լայն հնարավորություններ զարգանալու և մասնագիտական աճի համար։
-Պարո՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը արձագանքում աշխատաշուկայի փոփոխվող պայմաններին։
- Ֆակուլտետում ներդրված է գործնական բաղադրիչներով հագեցած հիմնարար ակադեմիական բազա ապահովող կրթական մոդել: Ֆակուլտետը, անշուշտ, շեշտը դնում է հիմնարար տեսական գիտելիքների վրա, որոնք ապահովում են ուսանողների կրթական վերջնարդյունքների ձևավորումը։ Միաժամանակ, մեծ ուշադրություն է դարձվում գործնական հմտությունների զարգացմանը: Բացի մասնագիտական պրակտիկաներից՝ ֆակուլտետը կազմակերպում է նաև այցելություններ տարբեր կազմակերպություններ, անցկացվում են վարպետության դասեր ոլորտի լավագույն մասնագետների և միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից: Տարբեր մասնագիտական առարկաների շրջանակում իրականացվում են նաև հետազոտական նախագծեր: Այս միջավայրը ձևավորում է ուսանողների մոտ ոչ միայն «գիտելիք ունենալու», այլև «գիտելիքը գործնականում կիրառելու» կարողություն։
-Ինչպե՞ս կգնահատեք ֆակուլտետի ուսանողների մրցունակությունը աշխատաշուկայում։
-Ֆակուլտետի ուսանողների մրցունակությունը աշխատաշուկայի արդի պայմաններում բավական բարձր է և շարունակաբար աճող։ Այս գնահատականը հիմնվում է թե՛ գործատուների արձագանքների, թե՛ մեր շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների վրա: Մեր ուսանողները պատրաստ են ոչ միայն արձագանքելու աշխատաշուկայի փոփոխություններին, այլ նաև զարգացնելու ու վերափոխելու դրանք։
Նշենք, որ ֆակուլտետի շրջանավարտները պետական և մասնավոր հատվածում զբաղեցնում են բարձր և պատասխանատու պաշտոններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նպատակը միայն աշխատաշուկայի պահանջներին հարմարեցված որակյալ կադրեր պատրաստելը չէ, այլ պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք վաղը աշխատաշուկայում հենց իրենք կստեղծեն աշխատատեղեր: