Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում անցկացվել է «Ինքնության արտացոլումը գրականության մեջ» խորագրով գիտաժողով, որը նախաձեռնել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնը և ֆակուլտետի ՈՒԳԸ-ն։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Անուշ Սեդրակյանը, Անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը և ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարինե Քամալյանը՝ ընդգծելով գրականության արդիականության և մշակութային շարժիչ ուժ հանդիսանալու հիմնահարցերը, հումանիտար գիտությունների ընկալման կարևորագույն դերը մարդկության զարգացման և երիտասարդների կրթության հարցում։ Նրանց խոսքով՝ նման միջոցառումների շարունակականությունն ապահովում է կրթության բարձր մակարդակը, ինչպես նաև հետագայում կայանալիք հետազոտական աշխատանքների որակի բարձրացումը։
![]() | ![]() |
Գիտաժողովի առանցքում եղել են միջգիտակարգային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ինքնության ձևավորումը, դրսևորումն ու մշակումը մշակութային և հանրային տարբեր մակարդակներում։ Գիտաժողովի շրջանակում զեկուցողները ներկայացրել են անգլիական, ամերիկյան, ֆրանսիական և գերմանական գրականության նշանավոր ներկայացուցիչների գործերին նվիրված հետազոտություններ։
Զեկուցումներին հաջորդել են վերլուծական, կառուցողական ելույթներ։ Ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր: