ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատվիրակությունը ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Պատվիրակության կազմում էին դեկանի տեղակալ, դոցենտ Նարինե Միրզոյանը, Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, դոցենտ Ալվարդ Խառատյանը, ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը և ֆակուլտետի գիտական հարցերի գծով պատասխանատու Անի Խալաթյանը։

Այցի նպատակը կրթության և գիտության ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն ու խորացումն էր՝ հիմնված փոխադարձ հետաքրքրությունների, գիտահետազոտական համագործակցության ընդլայնման և ակադեմիական շարժունության խթանման վրա։
Ս.թ. ապրիլի 15-19-ը կազմակերպված այցի շրջանակում ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվեց Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) մոսկովյան տնտեսագիտական դպրոցում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ա.Դ. Նեկիպելովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին երկու հաստատությունների միջև առկա համագործակցության խորացման հանձնառությունը։ Հանդիպման շրջանակում խոսվեց նաև կրկնակի դիպլոմով համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարների մասին, քննարկվեցին այլ ձևաչափերով նոր գործակցությունների ձևավորման և համագործակցության խորացման հնարավորությունները, որոնք միտված են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կապերի ամրապնդմանը և գիտակրթական ներուժի առավել արդյունավետ իրացմանը։

Նշենք, որ շուրջ երկու տարի է, ինչ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը իրականացնում են հետևողական աշխատանք՝ ակադեմիական գործընկերության հաստատման ուղղությամբ։ Համագործակցությունը ներառում է համատեղ կրթական նախաձեռնություններ, ինչպես նաև փոխայցելությունների և դասախոսությունների կազմակերպում։ Դեռևս նախորդ տարվա աշնանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը պարգևատրվել էին «Մոսկովյան տնտեսագիտական դպրոցի հիմնադրման 20-ամյակի» հուշամեդալով։
Տեղի ունեցան նաև հանդիպումներ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, ՌԴ գիտությունների ակադեմիայի և Եվրոպական ակադեմիայի ղեկավար կազմի ու ներկայացուցիչների հետ, այդ թվում՝
🔹 Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Յու.Ա. Մազեի հետ,
🔹Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ա.Ա. Աուզանի հետ,
🔹ՌԴ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Մ.Յու. Գոլովնինի հետ,
🔹 Մոսկվայի Եվրոպական ակադեմիայի անդամ, դոկտոր պրոֆեսոր Յու.Մ. Կաբանովի և Տնտեսաչափության և մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Ա.Ն. Կուրբացկու հետ,
🔹Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի փոխտնօրեն Ա․ Յակովլևի, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ.Մ. Պոլտերովիչի, Սոցիալական և հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Կուվալդինի, Տնտեսական և ֆինանսական ռազմավարության ամբիոնի վարիչ, ԳԱ օտարերկրյա անդամ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ.Լ. Կվինտի հետ,

🔹 Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիական և Աֆրիկյան երկրների ինստիտուտի (ИССА) տնօրեն, պրոֆեսոր Ա.Ա. Մասլովի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա.Վ. Մուրավյովի հետ:
Քննարկվեցին հաջորդ ուսումնական տարվանից ինստիտուտում ներդրվող «Հայագիտություն» կրթական ծրագրի շրջանակում համագործակցության, տարածաշրջանային տնտեսական գործընթացների համատեղ վերլուծության և կրթական փոխանակման ծրագրերի զարգացման հարցեր։
Այցը նշանավորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի՝ որպես առաջատար գիտական և կրթական կառույցի հանձնառությունը՝ ամրապնդելու ԵՊՀ ներկայությունը միջազգային ակադեմիական համայնքում։ Ֆակուլտետի համար միջազգային համագործակցության ընդլայնումը դիտարկվում է ոչ միայն որպես կրթական միջավայրի բարելավման հնարավորություն, այլև որպես գիտական ու վերլուծական կարողությունների ընդլայնման ռազմավարական ուղղություն։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, լինելով ԵՊՀ առաջատար ֆակուլտետներից մեկը, հավատարիմ է ԵՊՀ որդեգրած զարգացման ուղուն և շարունակում է ընդլայնել միջազգային գործակցության շրջանակը՝ ակտիվացնելով գիտակրթական կապերը միջազգային հեղինակավոր համալսարանների և կազմակերպությունների հետ: