- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
Февраля 13, 2023 | 16:40
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխգործակցությամբ ստեղծված «Հակակոռուպցիոն մեդիադպրոց» ծրագրի բացման արարողությունը։
Մրցութային շեմը նախապես հաղթահարած 20 ուսանողներ ծրագրի մեկնարկին ունկնդրեցին ԹԻՀԿ հակակոռուպցիոն կրթության ծրագրի մասնագետ Անահիտ Հովակիմյանի դասախոսությունը՝ «Հասարակության վարքագծի փոփոխությունները որպես կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք» թեմայով։ Չորսշաբաթյա դասընթացի շրջանակում նրանք հնարավորություն կունենան հանդիպելու նաև ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Արփինե Հովհաննիսյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ։
Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, մատնանշելով նախաձեռնության կարևորությունը և հակակոռուպցիոն պայքարում լրագրողների անմիջական դերը, նշեց, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը միշտ շարժվում է ժամանակին համընթաց, և այս նախաձեռնությունը ասվածի վառ վկայությունն է։
ԹԻՀԿ կրթական ծրագրի ղեկավար Մարիամ Հովեյանի խոսքով՝ լրագրողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում կարևոր է ոչ միայն իրազեկմամբ, թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ, այլ նաև հետաքննական լրագրության շնորհիվ այդ գործընթացին ակտիվ մասնակցելով և արդյունավետ բացահայտումներ կատարելով։ Ծրագրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ ուսանողները, ձեռք բերելով ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ, կծավալեն ակտիվ գործունեություն։
Նշենք, որ դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ: