- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Марта 22, 2023 | 17:29
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացված «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադային մասնակցել են մոտ 40 ուսանողներ և աշակերտներ՝ Հայաստանի և Արցախի ուսումնական հաստատություններից:
Օլիմպիադայի նպատակն էր ստուգել ու ամրապնդել աշակերտների և ուսանողների գիտելիքները գրաբարից, մեծացնել հին հայերենի, հայոց լեզվի պատմական զարգացման նկատմամբ հետաքրքրությունը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի օլիմպիադայի առաջադրանքներն ու անվանակարգերը երկուսն են. 1-ին անվանակարգի համար մասնակիցները աշխարհաբար տեքստը փոխադրել են գրաբարի, իսկ երկրորդի համար՝ գրաբարով գրել են շարադրություն՝ տեղում ընտրված «Երկիր Նաիրի Հայաստանս» խորագրով:
Մրցույթի ընթացքում մասնակիցներին տրամադրվել են անհատական պլանշետներ՝ միայն գրաբարի առցանց բառարանից օգտվելու հնարավորությամբ:
Այս տարի օլիմպիադային մասնակցել են ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, Գևորգյան հոգևոր ճեմարանից, Արցախի պետական համալսարանից, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններից:
ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը, առանձնապես կարևորելով դպրոցականների մասնակցությունը, ընդգծեց. «Հետաքրքրականն այն է, որ մասնակից դպրոցականները ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի սաներն են՝ բնագիտամաթեմատիկական հոսքի սովորողներ և ոչ թե հումանիտար»:
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վրեժ Նալբանդյանը օլիմպիադայի մասին իմանալուն պես որոշել է մասնակցել ու փորձել ուժերը:
«Գրաբար սովորել եմ Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Սաֆարյանի շնորհիվ: Այս օլիմպիադան հրաշալի հնարավորություն է ստուգելու գիտելիքներս և բացահայտելու բացթողումները՝ դրանք շտկելու և լեզվի իմացությանս մակարդակը բարելավելու նպատակով»,- ասաց նա:
Օլիմպիադայի կազմակերպիչներից է նաև հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: ՈՒԳԸ նախագահ Էմմա Նոնինյանը շեշտեց, որ արդեն երկու տարի է, ինչ ներգրավված է օլիմպիադայի կազմակերպական աշխատանքներում:
Կարևորելով գրաբարի դերն ու նմանատիպ օլիմպիադաների անցկացումը՝ նա նշեց. «Կա հետաքրքրվածություն գրաբարի օլիմպիադայի նկատմամբ, և մենք ուրախ ենք, որ այսօրինակ մրցույթների միջոցով հնարավորություն ենք ունենում նպաստելու գրաբարի իմացության մակարդակի բարձրացմանը»:
Նշենք, որ օլիմպիադան կազմակերպել են ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, «Դասական դպրոց» հիմնադրամը և Արարատյան Հայրապետական թեմը:
Արդյունքները կամփոփվեն հաջորդ շաբաթվա ընթացքում: