2023-2024 ուստարվա համար մեկնարկել է ամենամյա կթաթոշակային ծրագրի մրցույթը:
Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) տրամադրում է մեկ ուստարվա վարձավճարի 90%-ի չափով (ՀԿՀ տրամադրած գումարը չի գերազանցելու 720.000 ՀՀ դրամի շեմը) կրթաթոշակ այն ուսանողներին, որոնք հաղթահարել են մրցույթի բոլոր փուլերը:
Ծրագրի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ ֆինանսավորած մասնագիտություններով:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2023 թ. սեպտեմբերի 1-ից սովորողները (դիմելու պահին դեռևս ավարտական դասարանի սողորող), բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Կրթաթոշակներ կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ, լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր է։
Բացառություն է կազմում միայն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը պետք է կազմի 11 միավոր:
Պատերազմի մասնակից, դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած կամ վիրավորում ստացած ուսանողները կրթաթոշակին դիմելու հնարավորություն ունեն հետևյալ առաջադիմությունն ունենալով՝ 20/14, 10/6,5, 4/2,8, 100/74:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:
Մրցույթն անցկացվում է մարտի 13-ից մայիսի 3-ը:
Նշենք, որ Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրով ներկայում ֆինանսավորվում է 1200 ուսանողի ուսման վարձավճար:
Մանրամասների և հավելյալ տեղեկություն ստանալու համար կապ հաստատել aef@aef.am էլհասցեի միջոցով կամ զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով: