- Главная
- Node
- ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Марта 24, 2023 | 15:35
Գիտություն
Կրթություն
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԱՌԿԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային և ընթացիկ հարցերով տեղի է ունեցել ԵՊՀ նոր ձևավորված գիտխորհրդի առաջին նիստը, որի ժամանակ հաստատվել են հանձնաժողովների կազմերը, քննարկվել և ընդունվել են մի շարք կանոնակարգեր ու ընթացակարգեր։
ԵՊՀ նոր ձևավորված ԳԽ առաջին նիստի ժամանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, չխախտելով պարգևի արժանացած համալսարանականներին գնահատելու ու շնորհակալություն հայտնելու ավանդույթը, համալսարանում ծավալած գործունեության, մեծ վաստակի ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանին։
ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց նաև իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Զաքարյանին, որին պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած քաջարիության ու զինվորական բարձր պատրաստվածության համար Արցախի Հանրապետության նախագահը պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով։
Այնուհետև Հ․ Հովհաննիսյանն անդրադարձավ համալսարանի ընթացիկ աշխատանքներին, խոսեց խնդիրների ու նախատեսվող փոփոխությունների մասին։ ԵՊՀ ռեկտորը ԳԽ անդամներին որպես առաջարկ ներկայացրեց պրոֆեսորի ու դոցենտի պաշտոնների համալրման համար անհրաժեշտ պահանջներ՝ փաստելով, որ դրանք դեռևս քննարկվելու ու լրամշակվելու են։
Հաջորդիվ՝ նիստի օրակարգի հաստատումից հետո, ԵՊՀ ռեկտորը ԳԽ հաստատմանը ներկայացրեց իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության, մրցութային, որակի ապահովման ու էթիկայի հանձնաժողովների կազմերը, որոնք հավանության արժանացան և ընդունվեցին։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԳԽ-ն քննարկեց ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգը» հաստատելու և 2016 թ․ մայիսի 26-ին հաստատված «Երևանի պետական համալսարանի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգը» ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը։
Ըստ ընթացակարգի՝ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար կարող է ընտրվել այն անձը, որն ունի ստորաբաժանման ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան և կոչում: Բացի դրանից՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: ԵՊՀ իրավական ծառայության ղեկավար Ա․ Թադևոսյանը փաստեց, որ այդ դրույթները բխում են ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունից։
Այս հարցի վերաբերյալ հնչեցին բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ, և ԳԽ-ն որոշեց հաստատել ընթացակարգը՝ խմբագրելով այն ու ներառելով հնչած որոշ առաջարկներ։
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Ա․Թադևոսյանը զեկուցեց «ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում» փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, որոնց վերաբերյալ հնչեցին կարծիքներ ու առաջարկներ։ Քննարկման արդյունքում որոշվեց դրանք համախմբելով ներառել կանոնակարգում և հաստատել։
Հաջորդիվ ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքի ու բովանդակության վերաբերյալ հարցերը։ Նրա խոսքով՝ նախագծերի մշակման համար հիմք են հանդիսացել շրջանավարտների և ուսանողների հարցումների արդյունքները, միջազգային փորձի ուսումնասիրությունը, բենչմարքինգը և բոլոնյան մի շարք փաստաթղթեր։
Է․ Ասրիյանի խոսքով՝ նախագծերի հաստատումը հնարավորություն կտա ունենալու Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում գործող կրթական ծրագրերի հետ համադրելիություն, կամընտրականության սկզբունքի հիման վրա ուսանողակենտրոն ուսուցման կիրառման հնարավորություն։ Նախագծերով առաջարկվում են ունիֆիկացված կրեդիտային ծավալ ունեցող դասընթացներ և մոդելացվածություն դրանց համար։ Պրոռեկտորի հավաստմամբ՝ նախագծերով կամընտրական դասընթացների քանակը գրեթե կրկնապատկվել է, ինչը հնարավորություն է տալու կազմակերպելու անհատականացված ուսուցում։ ԳԽ-ն հաստատեց առաջարկված նախագծերը։
Այնուհետև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության առաջադրած չափորոշիչներին լիովին համապատասխանող «Պետություն և իրավունք» և «Բանբեր Երևանի համալսարանի․ իրավագիտություն» հանդեսները հրատարակության երաշխավորելու մասին հարցը։
Նրա խոսքով՝ հրատարակվող ամսագրերի համար սահմանվել են որոշակի չափորոշիչներ, որոնց համաձայն՝ դիտարկվում են ամսագրերը և ներկայացվում երաշխավորության։ Բացի դրանից՝ նա ներկայացրեց ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունները հրատարակության երաշխավորելու մասին հարցը։ ԳԽ-ն հավանության արժանացրեց ներկայացրած հարցերը։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց «ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերանայման լրամշակված կարգը» հաստատելու մասին հարցը՝ ներկայացնելով իրականացրած փոփոխությունները։ ԵՊՀ ԳԽ-ն հաստատեց ներկայացված կարգը։
Անցնելով օրակարգային վերջին հարցին՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը հանդես եկավ «Նորարությունները ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում» թեմայով զեկուցմամբ։