- Главная
- Node
- ԵՊՀ-Ն՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Апреля 07, 2023 | 15:46
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-Ն՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Ս.թ. ապրիլի 4-ին մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») եռամյա նախագիծը, որի մասնակից բուհերի շարքում է Երևանի պետական համալսարանը:
«T-GREEN»-ը բուհերում իրականացվող հետբակալավրիատական կրթությանն անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «կանաչ» քաղաքականությունը։ Նախագիծը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարելու կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերի՝ խթանելով ուսանողների շարժունությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրագործման կառուցակարգեր։
Այս ծրագրի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքական ռազմավարություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողություններ զարգացնելը, որոնց միջոցով նշված դերակատարները հնարավորություն կունենան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ներառելու քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։
Ծրագրի հայաստանյան մասնակիցներն են Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողական ցանց»-ի երևանյան մասնաճյուղը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը։
ԵՄ գործընկերներն են՝ Հունական միջազգային համալսարանը (Հունաստան), Միկոլա Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Յագելոնյան (Կրակովի) համալսարանը (Լեհաստան)։
Մեկնարկային առցանց հանդիպման ընթացքում (4-5 ապրիլի, 2023 թ.) ներկայացվել են ծրագրի հիմնադրույթները, անդրադարձ է կատարվել առանձին գործողությունների փաթեթներին, ներկայացվել են աշխատանքների կատարման պատասխանատուները և ժամկետները։
Նշենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 19-ին ծրագիրը համակարգող՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։