- Главная
- Node
- ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Апреля 14, 2023 | 10:11
Գիտություն
Կրթություն
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Էրազմուս+» փոխանակման ծրագրով արտասահմանում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար հնարավորություն ունեն դիմելու ԵՊՀ դասախոսները և վարչական աշխատողները:
Ծրագրին մասնակցելու համար թեկնածուների նախնական ընտրությունը կատարվում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունում՝ «Էրազմուս+» ծրագրի չափորոշիչներին համապատասխան:
Նախքան մեկնելը դասախոսը կամ վերապատրաստվողը, Երևանի պետական համալսարանի և ընդունող բուհի՝ միջազգային կապերի պատասխանատուները պետք է ստորագրեն շարժունության համաձայնագիր դասավանդման կամ վերապատրաստման համար: Այդ փաստաթուղթը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտավորությունները: Անհրաժեշտ է նաև ուղարկող և ընդունող բուհերի միջև միջինստիտուցիոնալ համաձայնագրի (Inter-Institutional Agreement) առկայությունը, որպեսզի հավակնորդը «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հնարավորություն ունենա դասավանդելու կամ վերապատրաստվելու արտերկրում:
Հանձնաժողովը, ըստ սահմանված միավորների, գնահատում է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը. ինքնակենսագրական՝ 30 միավոր, շարժունության համաձայնագիր դասավանդման կամ վերապատրաստման նպատակով (Stadd Mobility Agreement for Teaching/Training)՝ 50 միավոր, օտար լեզվի իմացություն (B2 մակարդակ)՝ 20 միավոր:
Մինչև փաստաթղթերի ընդունման համար հայտարարված վերջնաժամկետը աշխատակիցը պետք է պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնի ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն: Այնուհետև ներկայացված փաստաթղթերն ուղարկվում են գործընկեր համալսարան՝ վերջնական ընտրության:
Նշենք, որ ծրագրի շրջանակում հնարավոր է արտասահման մեկնել նվազագույնը 5 օր և առավելագույնը 2 ամիս ժամկետով (չհաշված մեկնումի և ժամանման համար անհրաժեշտ ժամանակը):
Աշխատակցի՝ դասավանդումը կամ վերապատրաստումն ավարտելուց հետո ընդունող բուհը նրա մասնակցությունը հավաստող փաստաթուղթ է տրամադրում ԵՊՀ-ին: Շարժունության ծրագրով գործընկեր բուհում դասավանդած աշխատակցին 8 ժամ դասախոսության համար ԵՊՀ-ն տալիս է մեկ կրեդիտ:
Հիշեցնենք, որ շարժունության ծրագրերին մասնակցելու համար աշխատակիցների դիմումների ընդունման գործընթացը կազմակերպում է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը, որը պատասխանատու է այդ գործընթացների համակարգման, երկկողմ համաձայնագրերի շրջանակում դրանց կազմակերպման և աջակցության համար:
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի և ֆինանսավորման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել ԵՊՀ կայքէջի «Էրազմուս+» բաժնում, ինչպես նաև «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Կարինե Հովհաննիսյան