- Главная
- Node
- ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Апреля 14, 2023 | 12:32
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ տրամադրած դրամաշնորհի շրջանակում համալսարանի քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի և կոլոիդների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը, ներքին դրամաշնորհի ղեկավար, դոցենտ Հեղինե Ղազոյանը, դոցենտներ Հասմիկ Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը մասնակցել են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-05/banner_2.jpg?h=ecc11da5&itok=4fhOaPmp)
Թբիլիսիի պետական համալսարանի հրավերով գիտաժողովին մասնակցած ԵՊՀ գիտնականները ներկայացրել են տարբեր թեմաներով զեկուցումներ:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/02_23.jpg?itok=ZBxhbe-N)
Պրոֆեսոր Շիրազ Մարգարյանն անդրադարձել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, ֆիզիկական և կոլոիդների ամբիոնի ստեղծման և զարգացման պատմությանը, ներկայացրել ամբիոնի ուսումնագիտական գործունեությունը, գիտական նվաճումները:
Դոցենտ Հեղինե Ղազոյանը խոսել է գիտական վերջին հետազոտությունների, մասնավորապես ԵՊՀ տրամադրած՝ ներքին դրամաշնորհի շրջանակում կատարված աշխատանքների մասին:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-05/01_25.jpg?itok=h5juucJy)
Գործուղման ընթացքում Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Բեժան Չանկվետաձեն հանգամանորեն ներկայացրել է իրենց ուսումնական ծրագրերը և գիտական հիմնական ուղղությունները, ծանոթացրել ուսումնական և գիտական լաբորատորիաներին, հետազոտական մեթոդներին և սարքավորումներին:
ԵՊՀ գիտնականների այցը Թբիլիսի երկու կողմի համար էլ արդյունավետ էր. այս այցով նոր հիմքի վրա դրվեց Երևանի և Թբիլիսիի պետական համալսարանների միջև քիմիայի բնագավառում հետագա գիտական գործակցությունը:
Նշենք, որ երկու համալսարանների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել հետագայում գիտական հետազոտություններ և համատեղ նախագծեր իրագործելու պայմանավորվածություն:
Հավելենք, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է Թբիլիսիի պետական համալսարանի գիտական խմբի փոխադարձ այց Երևանի պետական համալսարան: