- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ
Апреля 17, 2023 | 18:48
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել Սիրիայի ազգային տոնին՝ Անկախության 77-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր արաբագիտության ամբիոնը:
Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության օրհներգերը, ուսանողները հանդես եկան մշակութային կատարումներով:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, շնորհավորելով տոնի առթիվ, անդրադարձավ ԵՊՀ-ում արաբագիտության ոլորտի ուսումնասիրությանը, մասնավորապես Սիրիայի հետ ունեցած գործակցային կապերին:
«Արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի շատ ներկայացուցիչներ կրթություն են ստացել նաև Սիրիայում: Լիահույս եմ, որ Երևանի պետական համալսարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության սերտ համագործակցության շնորհիվ կվերագործարկենք Սիրիայի հետ ունեցած մեր կրթական ծրագրերը՝ ուսանողների համար հնարավորություն ստեղծելով մասնակցելու կրթական փոխանակման ծրագրերի»,- նշեց նա:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանն արժևորեց տոնը ԵՊՀ-ում նշելը և հույս հայտնեց, որ ուսանողներն իրենց հետագա գործունեությամբ կնպաստեն երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Այնուհետև դեսպանը հանդես եկավ Սիրիայի մասին կարճ դասախոսությամբ՝ անդրադառնալով Սիրիայի անկախության ձեռքբերման պատմությանը, ներկայիս քաղաքական իրադրությանը, հայ-սիրիական հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին:
Հայկ Քոչարյանն ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է բացել Սիրիայի լսարան, որը ևս մեկ խթան կդառնա Սիրիայի կյանքին, մշակույթին ու գրականությանն առավել մոտ լինելու համար, իսկ Նորա Արիսյանը խոստացավ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հենց այդ լսարանում:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ արաբագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և այլ աշխատակիցներ, արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ և այլք: