- Главная
- Node
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Апреля 17, 2023 | 19:17
Կրթություն
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԴԵԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություն, որի արդյունքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Ըստ սահմանված կարգի՝ ֆակուլտետում կնշանակվի դեկանի պաշտոնակատար։
ԳԽ արտահերթ նիստի օրակարգով նախատեսված էին Աշխարհագրության և երկրաբանության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանների ընտրություններ, բայց քանի որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար որևէ թեկնածու չէր առաջադրվել, ուստի ԵՊՀ ԳԽ-ն այսօր լսել և քվեարկել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում առաջադրված թեկնածուներին։
Այս պաշտոնում առաջադրվել էին ֆակուլտետի դեկան, Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Գրիգորյանը, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը և ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը։
Մարատ Գրիգորյանը և Շահեն Խաչատրյանը ԳԽ անդամներին ներկայացրին ֆակուլտետի զարգացման իրենց ծրագրերն ու պատասխանեցին հնչած հարցերին։ Սարգիս Քելյանը, նշելով, որ ֆակուլտետի զարգացման իր ծրագիրը համընկնում է Մարատ Գրիգորյանի ներկայացրած ծրագրային դրույթներին, ինքնաբացարկ հայտարարեց։
Ֆակուլտետի դեկանի պաշտոնի ընտրության քվեարկությունն անցկացնելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։ Արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ քանակությամբ ձայներ, և, ըստ այդմ, սահմանված կարգով մեկ անգամ ևս անցկացվեց փակ, գաղտնի քվեարկություն։ Երկրորդ անգամ նույնպես դեկանի պաշտոնում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի օգտին չգրանցվեց սահմանված առավելությունը։
Ըստ կարգի՝ գործող դեկանը կշարունակի ղեկավարել ֆակուլտետը մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ս.թ. մայիսի 4-ը, որից հետո կնշանակվի դեկանի պաշտոնակատար։