- Главная
- Node
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՄԻՋՈՑ
Апреля 20, 2023 | 14:54
Գիտություն
Կրթություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՄԻՋՈՑ
Միջպետական գործակցություն, հանրային կառավարում, ազգային անվտանգություն, դիվանագիտական հարաբերություններ և քաղաքական քննարկումներ․ միջազգային հարաբերությունների ոլորտն ընդգրկում է հասարակական կյանքի փոխկապակցված, միևնույն ժամանակ՝ շատ տարբեր բնագավառներ՝ ապահովելու հասարակության բնականոն և անխափան կյանքի ու գործունեության կազմակերպումը։ Այլ կերպ ասած՝ մասնագիտությունն առաջարկում է մարդկանց և պետությունների փոխհարաբերությունների կարգավորման հիմնական գործիքակազմը։
Տեխնոլոգիական արդի առաջընթացին և տարատեսակ հայտնագործություններին զուգահեռ՝ մարդկությունը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնց դիմակայելու համար պահանջվում են տարբեր ոլորտների հմուտ մասնագետներ: Վերջիններիս շարքում իրենց ուրույն տեղն ու դիրքն ունեն դիվանագետները։ Այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս ճանաչելու այլ երկրների ու ազգերի մշակույթը, լեզուն, անգամ ավանդույթները՝ դրանց մասին լավագույնս պատկերացում կազմելու և միջպետական փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով։
Մասնագիտական գործունեություն ծավալելու կարողություններ և հմտություններ ձեռք բերելու լավագույն մոտեցումներն առաջարկում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Այնտեղ գործում են «Միջազգային հարաբերություններ», «Քաղաքագիտություն», «Հանրային կառավարում» բակալավրիատական և «Միջազգային հարաբերություններ», «Ազգային անվտանգություն», «Կիրառական քաղաքագիտություն», «Հանրային (պետական) կառավարում», «Հանրային (պետական) քաղաքականություն», «Համաշխարհային քաղաքականություն» (իրագործվում է Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի հետ համագործակցությամբ, ինչի շնորհիվ շրջանավարտներին տրվում է կրկնակի դիպլոմ) մագիստրոսական կրթական ծրագրերը։
Մրցակցային աշխատաշուկայում ճիշտ դրսևորվելու նպատակով, ինչպես նաև միջազգային մեծ փորձ ունեցող համալսարանների օրինակին հետևելով՝ ֆակուլտետում պարբերաբար վերանայվում և կատարելագործվում է կրթական բոլոր ծրագրերի առարկայացանկը՝ այդպիսով նպաստելով արդիական և ժամանակի պահանջներին համապատասխան կրթության տրամադրմանը։
Արագ փոփոխվող աշխատաշուկայի մարտահրավերներին նույնքան արագ արձագանքելու նպատակով «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի համար ներդրվելու է «պահուստային պորտֆել», ինչը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կաջակցի և կապահովի «առաջին օգնությունը»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեծ տեղ է հատկացվում նաև լեզուների իմացությանը․ այստեղ շրջանավարտները գերազանց տիրապետում են երկու, առանձին դեպքերում՝ երկուսից ավելի օտար լեզուների՝ նոր հորիզոններ ու հեռանկարներ ստեղծելով արտերկրում կրթությունը շարունակելու և միջազգային աշխատաշուկայում իրենց գիտելիքն ու հմտությունները կիրառելու համար։ Ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները պարբերաբար մասնակցում են միջազգային փոխանակման ծրագրերի և վերապատրաստումների, ինչպես նաև հենց ֆակուլտետում ընդունում օտարերկրյա ուսանողների և դասախոսների։
Ֆակուլտետի առաջնահերթություններից են ոլորտի զարգացումն ու ակադեմիական ճանաչողության բարձրացումը։ Այս նպատակին հասնելու համար ֆակուլտետը համագործակցում է միջազգային համալսարանների հետ՝ ընտրելով գործակցության տարբեր ուղղություններ՝ գիտական համատեղ հետազոտություններից մինչև գիտաժողովների ու դպրոցների կազմակերպում։
Ֆակուլտետի ուսանողներն իրենց պարտադիր մասնագիտական պրակտիկաներն անցկացնում են Ազգային ժողովում, ՀՀ ԱԳ նախարարությունում, պետական այլ գերատեսչությունների միջազգային կապերի բաժիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և մի շարք այլ կազմակերպություններում, որտեղ իրենց լավագույնս դրսևորելու շնորհիվ մի շարք շրջանավարտներ սկսում են նաև աշխատանքային գործունեություն ծավալել։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան