- Главная
- Node
- «ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Августа 31, 2018 | 14:49
Հասարակություն
«ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանում նշվեց 3-րդ «Չղջիկների միջազգային գիշեր» խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպել էին NABU - «Գերմանիայի բնության պահպանության միության» հայաստանյան մասնաճյուղը և «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ԲՀԿ-ն։
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ուսանողները, «Գերմանիայի բնության պահպանության միության» հայաստանյան մասնաճյուղի կամավորները, ՀՀ մի շարք քաղաքացիներ, ինչպես նաև Գերմանիայից ժամանած 26 ուսանողներ։
«Չղջիկների միջազգային գիշերը» միջոցառման մասնակիցները Գնդեվանքի կիրճում ծանոթացան Հայաստանում տարածված առանձնահատուկ տեսակների հետ։
ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոսները վրանային ճամբարի ընթացքում մասնակիցներին ներկայացրին ձեռքաթևավորների ուսումնասիրման ժամանակակից մեթոդները՝ կապելով ուլտրաբարակ ցանցեր, ուլտրաձայնային դետեկտորների միջոցով լսելով չղջիկների արձակած ձայները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու նաև չղջիկների պահպանության առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն։
«Չղջիկների միջազգային գիշերը» խորագիրը կրող միջոցառման մասնակիցները ստացան հավաստագրեր։
«Չղջիկների միջազգային գիշերը» միջոցառումը նշվում է 1997 թվականից։ Այդ օրերին հասարակական, գիտական, կրթական տարբեր կազմակերպությունների և խմբերի կողմից անցկացվում են միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը չղջիկների, նրանց պահպանության խնդիրների վերաբերյալ։ Օգոստոսին Գերմանիայում կազմակերպվել են «Չղջիկների գիշեր» խորագրով 228 միջոցառումներ։