- Главная
- Node
- «ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ». ՈՒԳԸ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Сентября 03, 2018 | 11:18
Ուսանողական
«ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԵ՛Ք ԻՐԱԶԵԿ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ». ՈՒԳԸ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) գիտական ներուժ ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող ուսանողներին և ասպիրանտներին միավորող և համահամալսարանական ակտիվ գործունեություն ծավալող ամենակարևոր կառույցներից է:
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, կառույցի, ապա և իմ անունից, սրտանց շնորհավորում եմ Ձեզ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հագեցած, արդյունավետ և մասնագիտական որակյալ կրթությամբ ուղեկցվող ուսանողական բուռն տարիներ: Ուսումնառության ամբողջ ընթացքում եղե՛ք իրազեկ ու պահանջատեր՝ երբեք չմոռանալով, որ համալսարանական միջավայրում կրթության հանդեպ սերն ու նոր գիտելիք ստանալու անմնացորդ ցանկությունն առաջնային պետք է լինեն, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր ինտեգրվել և ինքնադրսևորվել ակադեմիական հաստատությունում:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենց
ՈՒԳԸ-ի նպատակն ուսանողների հոգևոր և գիտաստեղծարար կարողությունների զարգացումն ու ամրապնդումն է, լսարանային և արտալսարանային պայմաններում ակադեմիական միջավայրի ձևավորումն ու պրակտիկ ինքնակրթության խրախուսումը: Այդ նպատակով ՈՒԳԸ-ն կազմակերպում է երիտասարդական գիտաժողովներ, սեմինար-դասախոսություններ, մասնագիտական ճամբարներ ու աշխատաժողովներ, որոնք առաջին հերթին միտված են առաջատար փորձի փոխանցմանը, այլընտրանքային կրթության ու ոչ ստանդարտ մտածողության զարգացմանն ու գիտամշակութային լայն աշխարհայացքի ձևավորմանը:
Արդեն այս ուսումնական տարվանից առաջին կուրսեցիները կարող են թե՛ կամավորագրվել, թե՛ անդամակցել ՈՒԳԸ-ին՝ դիմելով ֆակուլտետային ՈՒԳԸ ստորաբաժանման նախագահին, ինչից հետո տվյալ ուսանողների համար ամբիոնի/բաժնի վարիչը պետք է երաշխավորագիր ներկայացնի, իսկ դեկանը՝ հաստատի կազմը: Այսպիսով՝ ուսանողները հնարավորություն կստանան ներգրավվելու և մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, հրավիրել պրոֆեսիոնալ մասնագետների, վարել առանձին սեմինարներ, զեկուցել ֆակուլտետային և տարեկան գիտական նստաշրջանների ժամանակ և տպագրվել ԲՈԿ-ի կողմից հաստատված ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում:
Պատրաստեց Քնար Միսակյանը