- Главная
- Node
- ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԸ
Сентября 04, 2018 | 11:30
ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԸ
Ուսանողության շրջանում առողջ կենսակերպ արմատավորելու, ուսանողներին մարզական-մասսայական միջոցառումներին ներգրավելու, ինչպես նաև ֆիզիկական կարողությունների կատարելագործմանը և առողջության ամրապնդմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ում գործում են սպորտային կատարելագործման խմբակներ:
Համալսարանում ֆիզիկական դաստիարակություն առարկան դասավանդվում է առաջին և երկրորդ կուսում շաբաթական մեկ դասաժամ, սակայն դասաժամերին զուգահեռ համալսարանում գործում է 16 սպորտային կատարելագործման խմբակ:
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, մարզական ակումբի նախագահ Հենրիկ Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ-ի բոլոր ուսանողների համար անվճար հիմունքներով գործում են բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, բռնցքամարտի, քիք-բոքսի, ծանրամարտի, ատլետիզմի, շախմատի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, ձյուդոյի, հրաձգության, լողի, ատլետիկական կրոսավազքի, թեթև ատլետիկայի, ժայռամագլցման մարզական խմբակներ:
Ըստ բանախոսի՝ ֆիզիկական դաստիարակություն առարկայի սահմաններում ուսանողները շաբաթական մեկ դասաժամում չեն կարող այնպես մարզվել, ինչպես իրենց նախընտրած սպորտաձևի մարզական խմբակում: Յուրաքանչյուր խմբակում շաբաթական երեք անգամ ուսանողների համար անցկացվում է ուսումնամարզական պարապմունք:
Հենրիկ Թումանյանի խոսքով, ուսանողները, հաճախելով սպորտային կատարելագործման խմբակ, տվյալ սպորտաձևում կատարելագործվում ու մասնագիտանում են, իսկ ուսումնառության ընթացքում մասնակցում են տարբեր մրցաշարերի և մարզական խաղերի:
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի պրոֆեսորն ասաց, որ այս տարի աշնանը սպորտային խմբակներում ընդգրկված ԵՊՀ ուսանողները պետք է մասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 19-րդ հանրապետական մարզական խաղերի երկրորդ փուլին:
Այս խաղերի երկրորդ փուլում համալսարանականները հանդես են գալու հետևյալ սպորտաձևերում՝ կրոսավազք, լող, հրաձգություն, ֆուտզալ, ուժային եռամարտ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ:
Հենրիկ Թումանյանը, կարևորելով այս խաղերի անցկացումը, նշեց, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 19-րդ հանրապետական մարզական խաղերի նպատակն է ակտիվացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզական ակումբների գործունեությունը, ինչպես նաև ի հայտ բերել լավագույն ուսանող-մարզիկներին:
Նշենք, որ վերոնշյալ մարզական խաղերի առաջին փուլն անցկացվել է գարնանը, որին ԵՊՀ ուսանողներն ակտիվորեն մասնակցել և գրանցել են մարզական հաջողություններ:
Նա նաև հայտնեց, որ սպորտային կատարելագործման խմբակներ հաճախող ուսանողները յուրաքանչյուր տարի մասնակցում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող միջբուհական մրցումներին, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպվող միջբուհական մարզական խաղերին:
Ուստարվա ընթացքում մարզական տարբեր մրցաշարեր են անցկացնում նաև ՀՀ-ում գործող տարբեր դեսպանատները, որին նույնպես ԵՊՀ ուսանողները միշտ ակտիվորեն մասնակցում են:
Նրա խոսքով, համալսարանի ուսանողները, մասնակցելով տարբեր մրցաշարերի, կատարելագործում են իրենց մարզական և ֆիզիկական կարողությունները:
«Շատ ուսանողներ, մարզվելով սպորտային կատարելագործման խմբակներում, ուսումնառության ընթացքում մարզական աշխարհում հասնում են մեծ հաջողությունների»,-ասաց Հենրիկ Թումանյանը և հավելեց. «Առաջինկուրսեցիներին խորհուրդ եմ տալիս ընդգրկվել ԵՊՀ սպորտային կատարելագործման խմբակներում, քանի որ այսօր ԵՊՀ մարզադահլիճն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նորոգված մարզասրահներ, համապատասխան մարզական գույք, մարզումները պատշաճ անցկացնելու համար»:
Հենրիկ Թումանյանը վերջում նաև հայտնեց, որ սպորտային կատարելագործման խմբակներում ընդգրկված ուսանողների համար ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը կազմակերպում է տարբեր էքսկուրսիաներ, ինչպես նաև վերելքներ դեպի լեռնագագաթներ: «Անցած տարի ուսանողների համար կազմակերպել էինք վերելք դեպի Արագածի հարավային գագաթ, այս տարի նույնպես ուսանողների համար կազմակերպելու ենք տարբեր էքսկուրսիաներ»,- հավելեց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան