- Главная
- Node
- ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ԽՈՍՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Сентября 24, 2018 | 13:54
Քաղաքականություն
Գիտություն
ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ ԽՈՍՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման է արժանացել «Իսլամական ծայրահեղականությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարտահրավերները» գիտական թեման։
Այս առիթով զրուցեցինք Արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Քոչարյանի հետ։
Հայկ Քոչարյանը կարևորեց այն, որ Հայաստանը գտնվում է իսլամադավան ժողովուրդներով բնակեցված տարածաշրջանում, որտեղ շուրջբոլորը իսլամի տարբեր ուղղություններ են՝ հանդուրժողական ուղղություններից սկսած և ծայրահեղականներով վերջացրած։
«Մենք ուզում էինք հասկանալ, թե որքանով են Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն իրենց իսլամական բաղադրիչով ազդում Հայաստանի վրա»,- ասաց նա։
Նշենք նաև, որ Հայկ Քոչարյանը՝ որպես ավագ գիտաշխատող, աշխատում է ԵՊՀ քաղաքակրթության և մշակութային հետազոտությունների կենտրոնում, որի տնօրենը՝ Դավիթ Հովհաննիսյանը, մշակել է «Երեք ծովերի համակարգ» տեսությունը: «Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ավազանը, համաձայն այդ տեսության, դիտարկվում է որպես մեկ միասնական տարածաշրջան՝ իր ենթատարածաշրջաններով»,- ասաց նա:
«Մեր այս թեմայի խնդիրներից մեկը հասկանալն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ երեք ծովերի տարածաշրջանում, և այդ գործընթացների մեջ կոնկրետ իսլամական ծայրահեղականության դրսևորումներն ինչ հնարավոր ազդեցություն ունեն Հայաստանի համար»,- մեկնաբանեց Հայկ Քոչարյանը։
Նա հավելեց նաև, որ նախատեսվում են որոշակի հրապարակումներ, իսկ հետազոտության վերջում ամփոփիչ մենագրություն կտպագրվի։
Այն հարցին, թե ինչ ռազմավարություն ունի ՀՀ-ն՝ իսլամադավան երկրների հետ կապված, Հայկ Քոչարյանն ասաց, որ իսլամը՝ որպես գործոն, առանձնացված չէ:
«ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի մեջ առանձնացված են Իրան, Ադրբեջան, Թուրքիա երկրների հետ ռազմավարությունները, և քանի որ այժմ քննարկվում է անվտանգության հայեցակարգի վերանայումը, մենք մեր հետազոտություններով կփորձենք մեր ներդրումն ունենալ այդ քննարկումներում »,- հավելեց նա։
Հետազոտող խմբում ներգրավված են ասպիրանտ և հայցորդ, որոնք գիտաշխատողի երկար տարիների փորձ ունեն։ Ըստ Քոչարյանի՝ կարևորվել է նրանց մասնակցությունը, քանի որ հետազոտությունը շարունակականության կարիք ունի, իսկ երիտասարդները կարող են մասնագիտանալ տվյալ ոլորտում՝ դառնալով ոլորտի լավագույն մասնագետները։
Հայկ Քոչարյանն առանձնացրեց ամենակարևորը, որ պետք է հաշվի առնել ռազմավարություն մշակելիս։
«Իմ կարծիքով՝ առաջին հերթին պետք է առավելագույնս սթափ և ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Կան տեղեկատվության աղբյուրների հասանելիության հետ կապված խնդիրներ, մենք հիմնականում աշխատել և աշխատում ենք բաց աղբյուրների հետ։ Այդ տեսանկյունից աշխատանքը մի քիչ դժվարություններ կունենա, քանի որ փակ աղբյուրներն ունեն իրենց կարևոր նշանակությունը։ Բացը լրացնելու համար նախատեսվում են նաև քննարկումներ և հարցազրույցներ մասնագետների և փորձագետների հետ»,- ասաց նա։
Հայկ Քոչարյանը խոսեց նաև իսլամադավան խմբավորումների բազմազանության մասին։
«Հաճախ «իսլամական ծայրահեղականություն» և «իսլամական արմատականություն» արտահայտությունները հավասար իմաստով են գործածվում։ Շատ նուրբ հարց է՝ հասկանալ, թե որ խմբերն են ծայրահեղական, որոնք են արմատական, որ խմբերն ինչ գաղափարախոսության կրողներն են։ Այս ամենը հասկանալու համար աշխատանք պետք է տարվի։
Անհրաժեշտ է հասկանալ, թե այս բոլոր խմբավորումներն ինչ ներգրավվածություն ունեն տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությամբ, ինչպես են նրանք ազդում մեր հարևան երկրների վրա, և դա ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։
Այս բոլորը պրակտիկ նշանակության ուսումնասիրություններ են, և արդյունքները պետք է որ օգտակար լինեն այդ ոլորտում քաղաքականություն մշակողների համար»,- ամփոփեց նա։
Մարի Ռաֆյան