- Главная
- Node
- ՓԱԽՍՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ. «WHATSAPP»-Ը՝ ՄԻՋՈՑ, ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԹԵՄԱ
Февраля 01, 2019 | 14:56
Հասարակություն
ՓԱԽՍՏԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ. «WHATSAPP»-Ը՝ ՄԻՋՈՑ, ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԹԵՄԱ
Ազգությամբ քուրդ գրող Բեհրուազ Բուչանին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է փախստականների համար նախատեսված Նոր Գվենիայի ճամբարում: Հունվարի 31-ին նա արժանացել է «Վիկտորիա» գրական մրցանակին, որն ամենակարևոր գրական մրցանակներից է Ավստրալիայում:
«Վիկտորիա» գրական մրցանակը ստեղծվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության կողմից՝ նպաստելու հեղինակների գրական գործունեությանը և ժամանակակից գրականության զարգացմանը:
Մրցանակի հանձման արարողությանը Բեհրուազ Բուչանին ներկա չի եղել, քանի որ նրա մուտքն Ավստրալիա արգելված է:
Բեհրուազ Բուչանին Իրանում ապրող քուրդ լրագրող է, որն իր լրագրողական գործունեության պատճառով հաճախ է հայտնվել տեղի իշխանության ուշադրության կենտրոնում:
«Իրանում ես ինձ անապահով էի զգում. գիտեի, որ վաղ, թե ուշ հայտնվելու եմ բանտում, և որոշեցի Ավստրալիա տեղափոխվել»,- պատմում է հեղինակը:
Ավստրալիան պետական խիստ քաղաքականություն է վարում այն մարդկանց նկատմամբ, որոնք քաղաքական ապաստան են փնտրում Ավստրալիայում և փորձում են ապօրինաբար անցնել սահմանը:
Բեհրուազ Բուչանին ձերբակալվել է 2013 թ.՝ նավով Հարավարևելյան Ասիայից Ավստրալիա անցնելիս և տեղափոխվել է փախստականների համար նախատեսված՝ Նոր Գվինեայի Մանուս ճամբար:
Չնայած այս ամենին, Բեհրուզ Բուչանին շարունակում է տպագրվել բրիտանական «The Guardian» թերթում և «Twitter»-ում վարում է իր բլոգը:
2016 թվականին վերջինս հեռախոսի տեսախցիկով նույնիսկ նկարում է «Չուկա՛, ժամը քանիսն է» վերնագրով վավերագրական ֆիլմը:
Բայց շատ ավելի հետաքրքիր է «Չունեմ ընկերներ՝ բացի լեռներից. նամակներ Մանուսի բանտից» ինքնակենսագրական գիրքը, որն առանձնանում թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ:
«Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես մարդկանց հասանելի դարձնեմ այն կյանքը, որով ապրում են ճամբարում հայտնված և փախստականի կարգավիճակ ունեցող մարդիկ: Լրագրության լեզուն շատ աղքատ էր. որոշեցի գիրք գրել»:
Գրքի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել «Whatsapp» բջջային հավելվածը:
Քուրդ հեղինակի գիրքը հեռախոսային հաղորդագրությունների տեսքով է:
««Whatsapp»-ն ինձ համար աշխատասենյակի նման մի բան էր դարձել: Ես ոչ մի անգամ թղթի վրա չեմ գրել, քանի որ ճամբարի հսկիչներն ամեն շաբաթ ստուգումներ էին անում մեր սենյակում, և ես մտավախություն ունեի, որ թղթերս կկորցնեմ, դրա համար մտքերս՝ որպես հաղորդագրություններ, ուղարկում էի ընկերոջս»,- պատմում է հեղինակը:
«Չունեմ ընկերներ՝ բացի լեռներից. նամակներ Մանուսի բանտից» գրքի համար հեղինակը որպես մրցանակ ստացել է մոտ 55,000 ֆունտ ստերլինգ (100,000 դոլար) և 25,000 ավստրալիական դոլար (18,000 դոլար):
«Ինչ-որ առումով կարելի է ասել, որ ես շատ երջանիկ եմ, որովհետև սա հնարավորություն էր մարդկության ուշադրությունը սևեռելու այս խնդրի վրա: Ճամբարում հայտնված մարդկանց մասին շատերն են իմանալու իմ գրքի շնորհիվ, բայց մյուս կողմից ինձ թվում է, որ ես իրավունք չունեմ ուրախանալու իմ մրցանակի համար, քանի որ իմ շրջապատի մարդիկ տառապում են»:
Գրականության համար տրվող «Վիկտորիա» գրական մրցանակի ժյուրին Բեհրուզ Բուչանիի գիրքը բնորոշել է որպես արվեստի և քննադատության տեսության հիանալի գործ, որը պարզապես ենթակա չէ սովորական նկարագրության:
Մեկ այլ հետաքրքիր պատմություն կա այս իրադարձության հետ կապված. ըստ մրցանակի հանձնման կանոնադրության՝ գրական ստեղծագործությունների հեղինակները պետք է պարտադիր կամ ավստրալիացի լինեն, կամ էլ այնտեղ մշտական բնակություն ունենան: Բայց գրական մրցանակը հանձնող Սենտր Ուիելն ընդունել է ժյուրիի անդամների առաջարկությունը և Բուչանիի գրքի համար բացառություն է արել:
Անի Պողոսյան