- Главная
- Node
- ՄԱՐԴԻԿ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ. ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Апреля 22, 2019 | 17:41
Քաղաքականություն
ՄԱՐԴԻԿ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ. ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով, որին ներկա էին լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը և «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին:
Հանդիպումը կազմակերպել էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը և «Մեդիա կենտրոնը»:
Քննարկման առանցքում խաղաղության ընկալման մոտեցումների ուսումնասիրություններն էին, որին և նվիրված էր հետազոտությունը՝ ընդգրկելով կոնֆլիկտի բոլոր երեք կողմերը:
«International alert»-ը, ղարաբաղյան հակամարտության խաղաղարար նախաձեռնությունների տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաև հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները։
Առաջինը ելույթ ունեցավ «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին, որը ներկաներին պարզաբանեց իրենց կազմակերպության գործունեությունը և ներկայացրեց հակամարտող կողմերի հետ տարվող աշխատանքը:
«Այս հետազոտության հիմնական նպատակն է պարզել, թե մարդիկ, որոնք գտնվում են կոնֆլիկտի տարբեր կողմերում, ինչպես են պատկերացնում իրենց դերը կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում, կամ արդյո՞ք այդ դերը տեսնում են, թե ոչ»,- պարզաբանեց Սոֆիա Փագսլին:
Վերջինս նշեց նաև, որ շատ է կարևորում բարձրաձայնած թեմայի մասին հատկապես երիտասարդների կարծիքը, քանի որ հենց նրանք են շարունակելու սկսված գործընթացները:
Քննարկման մասնակից Գեղամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ի տարբերություն այս կոնֆլիկտի մասին արված մյուս հետազոտությունների՝ վերոնշյալ ուսումնասիրությունն անցկացվել է ցիկլային սկզբունքով՝ թեմայի վերաբերյալ տեղի են ունեցել հարցազրույցներ և զրույցներ, որոնց հրապարակումից հետո փորձագետները հայտնել են նաև իրենց տպավորությունները:
«Եթե փորձենք համեմատել նախկինում եղած իրավիճակի հետ»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը,- «ապա պետք է նշեմ, որ տեղեկատվական դաշտի պատերազմում մենք արդեն վարում ենք ոչ միայն արտաքին, այլև ներքին տեղեկատվական պատերազմ, որը պայմանավորված է երկրում տեղի ունեցած փոփոխություններով, ինչի պատճառով կոնֆլիկտն անհարկի շահարկվում է՝ մեր գործն ավելի բարդացնելով»:
Բանախոսի խոսքով, եթե փորձենք ամփոփել զեկույցը, ապա կարող ենք փաստել, որ մարդիկ և հակամարտությունը հասցրել են այս ընթացքում միահյուսվել:
«Երբ արցախցին է խոսում այս թեմայի մասին, նշում է, որ կոնֆլիկտը ոչ թե իր ինքնության մեջ է, այլ իր առօրյայի մի մասն է կազմում»,- շեշտեց Գեղամ Բաղդասարյանը,- «այս առումով մենք խնդիր ունենք մարդկանց հետ վարժեցնելու կոնֆլիկտ ունենալու մտքից»:
Նրա կարծիքով, հետազոտության արդյունքը ցույց տվեց մի ընդհանրություն, որը բնորոշ է պատերազմող 3 կողմերին, խոսքն այն մասին է, որ կողմերից ոչ մեկը խաղաղությունը չի համարում գերագույն նպատակ, այլ ընդամենը միջոց՝ նպատակին հասնելու համար:
«Նմանատիպ քամահրական մոտեցումը խաղաղության նկատմամբ պարզապես անթույլատրելի է»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Մարկ Գրիգորյանն էլ իր ելույթում շեշտեց, որ զեկույցում տեղ են գտել նաև կոնֆլիկտի կողմերի պատկերացումները խաղաղության սահմանման մասին:
«Հետաքրքիր է, որ կողմերից յուրաքանչյուրի համար խաղաղությունը յուրովի է սահմանվում: Հայի և արցախցու համար խաղաղությունը կայունություն է, մինչդեռ ադրբեջանցու համար՝ արդարության վերականգնում»,- փաստեց բանախոսը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ անդրադարձավ բանակցային գործընթացում տեղ գտած փոփոխություններին:
Վերջինիս խոսքով, բանակցային գործընթացն առավել թափանցիկ է դարձել, և ձևավորվել է ուղերձների միասնություն. «Այս գործընթացում այլևս չկան ներքին և արտաքին ուղերձներ, որոնք ստեղծվում էին համապատասխանաբար ներքին և արտաքին լսարանի համար: Այժմ այն, ինչ ասվում է տանը, կրկնվում է նաև դրսում և հակառակը»:
Մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն էլ նշեց, որ մեզ համար առաջնայինը հետևյալ հարցերին պատասխանելն է՝ դու պատրա՞ստ ես վճարել խաղաղության համար, և ո՞րն է լինելու այդ գինը:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ բուռն քննարկում ուսանողների և բանախոսների միջև:
Անի Պողոսյան