Երևանի պետական համալսարանի, «Խելացի քաղաքակրթության ինստիտուտի» (Մոսկվա), «Ինտեգրացիա և զարգացում հասարակական կազմակերպության» համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում կազմակերպվել է «Համալսարանների և հասարակական կազմակերպությունների համագործակցություն՝ կրթական և երիտասարդական ծրագրերի շրջանակներում» խորագրով գիտագործնական սեմինար:
Երևանի պետական համալսարանում կազմակերպված գիտագործնական սեմինարի ժամանակ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանն արժևորեց Եվրասիական փորձագիտական ակումբի կատարած գնահատելի ու արդյունավետ աշխատանքը՝ իբրև հայ-ռուսական հարաբերությունների սպասարկման և ինտեգրացիոն գործընթացների ամրապնդման եզակի օրինակ։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ երիտասարդ սերնդի շրջանում մի փոքր այլ ընկալում կա. «Մենք հասկանում ենք, որ պետք է գաղափարների պայքար, մտքի պայքար, որում չպետք է պարտվենք»:
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանը համագործակցում է Ռուսաստանի մի շարք գիտավերլուծական առաջատար կենտրոնների հետ և հույս հայտնեց ավելի խորացնելու փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը։
Է. Ասրիյանը, կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում, առավելապես՝ կրթական ոլորտում, ընդգծեց, որ ԵՊՀ-ն համագործակցում է մի շարք ՀԿ-ների հետ, որոնց փորձը տարբեր ոլորտներում օգտակար է ժամանակակից և կրթական գործընթացի համար: Այդ համագործակցությունները, ըստ նրա, համալսարանականներին օգնում են մասնակցել տարբեր միջազգային սեմինարների, գիտաժողովների, ինչը շատ կարևոր է ժամանակակից աշխարհում. «Մենք հաստատում ենք աշխարհի տարբեր երկրների կենտրոնների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը և ուրախ ենք այս գործակցության համար»:
Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը, խոսելով Հայաստանի հետ գործակցության մասին, փաստեց, որ երկու երկրների միջև գործակցային կապերը կլինեն շարունակական:
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Բեզբորոդովը կարևորեց բուհերի միջև համագործակցությունը հատկապես երիտասարդներին վերաբերող ծրագրերի շրջանակում: Նա հույս հայտնեց, որ այդ նախագծերի շրջանակում համագործակցությունները կամրապնդվեն, ինչը համապատասխանում է նաև Հայաստանի և Ռուսաստանի շահերին։
Քաղաքագիտության դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, «Ժամանակակից Եվրոպա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոման Լունկինն էլ իր ելույթում առանձնահատուկ նշեց երիտասարդական կազմակերպությունների դերի բարձրացումը, համագործակցությունների ընդլայնումը «հումանիտար դիվանագիտության» շրջանակում:
Նրա կարծիքով, երիտասարդներին ոգեշնչող ու մոտիվացնող գաղափարներ են անհրաժեշտ, որոնք գտնելու հարցում ավագ սերունդը պետք է նրանց օգնի՝ հենց հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքի արդյունքում: