«Երեք տարի առաջ մենք գործարկեցինք աշխարհի գիտագործնական ուսումնասիրությանն առնչվող մի ծրագիր՝ կրթական, ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով». այս մասին այսօր Երևանի պետական համալսարանի, «Խելացի քաղաքակրթության ինստիտուտի» (Մոսկվա), «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրված՝ «Համալսարանների և հասարակական կազմակերպությունների համագործակցություն՝ կրթական և երիտասարդական ծրագրերի շրջանակներում» թեմայով գիտագործնական սեմինարի ժամանակ ասաց «Խելացի քաղաքակրթության ինստիտուտի» նախագահ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի գիտական ձևավորման կենտրոնի վերլուծաբան Մարինե Ոսկանյանը:
Նախաձեռնության զարգացումն ապահովվում է "Smart" Civilization հարթակի միջոցով, որն ապահովում է երկխոսություն՝ ռուսական և արտասահմանյան, այսպես կոչված՝ «մտքի գործարանների», ոչ կառավարական կազմակերպությունների, «խելացի քաղաքների և ագլոմերացիաների», «խելացի ընկերությունների» և լրատվամիջոցների միջև: Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում նաև ակադեմիաներին, համալսարաններին՝ քաղաքակրթական նախագծերի, քաղաքակրթական կողմնորոշման համար՝ նպաստելով միջքաղաքակրթական փոխգործակցության շրջանակում նորարարական, գործարար, գիտական, մշակութային և կրթական համագործակցության ամուր ճարտարապետության ձևավորմանը։
«Մեր փորձագետները ձևավորում են ժամանակակից քաղաքակրթությունների ապրելակերպն արժեքների շուրջ, տարածքների, անհատականությունների և նախագծերի շուրջ, մաքրում են ավելորդությունները, զարգացնում նորարարությունները: Նրանք ունեն հմտություններ կառավարման, մեդիայի, հումանիտար ոլորտում, թվային տեխնոլոգիաների, մարքեթինգի, գովազդի, կինոյի, ինչպես նաև՝ արդյունաբերության, ճարտարապետության, դիզայնի ոլորտներում: Փորձագետները հիմնականում աշխատում են քաղաքակրթական ուղղվածության սոցիոլոգիայի ուղղությամբ»,- մանրամասնեց Մարինե Ոսկանյանը։
Մ․ Ոսկանյանի գնահատմամբ՝ իրենց աշխատանքում միշտ առանձնահատուկ է եղել հասարակական կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը։ Նա կարծում է՝ հասարակական կազմակերպությունները պետք է ակտիվ լինեն հանրային դիվանագիտության մեջ՝ համագործակցելով բուհերի հետ։
«Մենք շահագրգռված ենք, որ համագործակցությունն ունենա կայուն և հարատև հիմք»,- իր խոսքը եզրափակեց վերլուծաբանը։