ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում անցկացվեց «Մակրոսկոպիկ սնկերի կիրառման հեռանկարները կոսմետոլոգիայում» թեմայով սեմինար, որի շրջանակում զեկույցով հանդես եկավ Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Նարինե Ղարիբյանը։
Բանախոսն իր ելույթում ընդգծեց, որ մակրոսկոպիկ սնկերը վաղուց են հայտնի մարդկությանն իրենց սննդային արժեքով և դեղաբանական հատկություններով, սակայն կոսմետիկ միջոցների արտադրության մեջ նրանց կիրառման ուսումնասիրությունները դեռևս չեն ավարտվել:
Ըստ Նարինե Ղարիբյանի՝ ներկայում բնական բաղադրիչներ պարունակող էկոլոգիապես մաքուր կոսմետիկ միջոցների պահանջարկը բարձր է, քանի որ վերջիններս զերծ են ալերգիկ ազդեցությունից և անվտանգ են: Մակրոսկոպիկ սնկերը դեղաբանական ազդեցության բազմաթիվ կենսաակտիվ միացությունների աղբյուր են և լայնորեն կիրառվում են զանազան կենսատեխարտադրանքների, ինչպես նաև կոսմետիկ միջոցների ստացման մեջ:
Նա նշեց նաև, որ Հայաստանի տարածքում ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները ցուցակագրել են մակրոսկոպիկ սնկերի 18 ցեղերին պատկանող 19 տեսակ, որոնք ունեն կոսմետիկ կենսաբաղադրամասերի մեծ ներուժ: Մակրոմիցետների բնական ռեսուրսների և դեղաբանական հատկությունների հետագա ուսումնասիրությունները, մաքուր կուլտուրաների հավաքածուների համալրումը և պահպանումը կխթանեն միկոկոսմետոլոգիայի հետագա զարգացումը Հայաստանում: