ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Հարավային Կովկասը Գերմանիայի արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան և քաղաքագետ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ, բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ, «Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայդելբերգի համալսարանի դասախոս և պատվավոր պրոֆեսոր Բերնդ Բրաունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայագիտական հետազոտութունների ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը: Նա նշեց, որ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) և գերմանական տարբեր կառույցների միջև գործակցությունն արդեն իսկ ավադույթ է դարձել։
«Մենք համագործակցում ենք գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամների հետ: Տարբեր ժամանակաշրջաններում ՀՀԻ-ի հյուրերն են եղել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, գերմանացի մի շարք այլ հասարակական և քաղաքական գործիչներ: Մեծ է նաև Բերնդ Բրաունի ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում»,- ընդգծեց Վահրամ Պետրոսյանը:

Դասախոսության ընթացքում պրոֆեսորը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարեց Արցախյան հարցում ԳԴՀ պաշտոնական դիրքորոշմանն ու հասարակական ընկալումներին, ԳԴՀ-ում թուրքական լոբբինգին և թուրքական համայնքի համապատասխան կառույցների գործունեությանը, Թուրքիայի և թուրքական համայնքի՝ ԳԴՀ ընտրություններում ունեցած ազդեցությանն ու ներգրավվածությանը:
Պրոֆեսորը խոսեց նաև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, առկա ձեռքբերումների, հնարավորությունների և ռեսուրսների մասին:

Հարկ է նշել, որ պրոֆեսոր Բերնդ Բրաունը բազմիցս այցելել է Հայաստան, հանդես եկել գերմանական լայն հասարակությանն իրազեկելու տարաբնույթ նախաձեռնություններով։ 2015 թվականից առ այսօր՝ նա Հայդելբերգում պարբերաբար կազմակերպում է Հայաստանին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ։