Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայկական ուսումնասիրությունների ծրագրի (ԱՄՆ) և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի (Լեփսիուսհաուս, Գերմանիա) հետ համագործակցության շրջանակում հրավիրում է մասնակցելու ավստրիացի գրող և մարդասեր Ֆրանց Վերֆելի՝ 1915 թ. թուրքական ջարդարարների դեմ Կիլիկիայի սահմանակից Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարի մասին պատմող «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին։
Սույն գիտաժողովը նպատակ ունի՝
- արժևորելու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի արդիականությունը, պատմաքաղաքական ու գրական նշանակությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ընկալման ու ճշմարտացի լուսաբանման հարցում վեպի ազդեցությունը, ինչպես նաև անդրադառնալու Ֆրանց Վերֆելի հայանպաստ գործունեությանը,
- քննելու պատմության տարբեր շրջափուլերում օսմանյան իշխանությունների՝ հայերի հանդեպ հետևողականորեն իրականացրած ցեղասպան քաղաքականությունը և դրա դրսևորումները (ֆիզիկական բնաջնջումից ու բռնի տեղահանումից մինչև իսլամացում, պատմամշակութային ժառանգության ոչնչացումից մինչև հայրենազրկում և ունեզրկում),
- ներկայացնելու Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և իրավական ու նյութական պատասխանատվության խնդիրները,
- բնութագրելու Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի պահանջատիրությունը և հայերի ցեղասպանության՝ Թուրքիայի իրական գնահատականի բացակայությունը՝ որպես նոր ցեղասպանությունների նախադրյալ,
- քննության առնելու հայերի ցեղասպանության պատմագիտական, կինեմատոգրաֆիական և գրական անդրադարձները,
- քննելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի՝ որպես 20-րդ դարում թուրքական նախաձեռնությամբ ստեղծված պետության ցեղասպան քաղաքականությունն ու դրա դրսևորումները,
- վեր հանելու տեղեկատվական դաշտում հայերի ցեղասպանության խնդրի ներկայացվածությունը և վերջինիս ժխտման կամ խեղաթյուրման թուրք-ադրբեջանական կեղծարարական քարոզչությունը։
Գիտաժողովը նոր մոտեցումների և առաջարկների ներկայացման հարթակ է, և յուրաքանչյուր հետազոտողի մասնակցությունը կնպաստի պատմաքաղաքական խնդիրների և պատմական ճշմարտության լուսաբանմանը։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն:
Արտերկրից ժամանող հյուրերի կեցության հարցերը կհոգա Երևանի պետական համալսարանը:
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։