По инициативе СНО юридического факультета ЕГУ состоялась встреча-обсуждение, посвященная международному конкурсу имени Жана Пикта, проведенному в Албании.
Հանդիպում-քննարկման բանախոսներն էին Լա Ռիոխա Ունիրի միջազգային համալսարանի միջազգային քրեական և անդրազգային իրավունքի մագիստրոս Վերոնիկա Սերանո Տամային և Թունիսի համալսարանի իրավագիտության, քաղաքագիտության և հասարակագիտության ֆակուլտետի «Միջազգային իրավունք և մաղրեբա-եվրոպական հարաբերություններ» մագիստրոսական ծրագի առաջին կուրսի ուսանող Նուր Բեն Միմին։
Հանդիպմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և այլ բուհերի ուսանողներ։ Բանախոսները ներկայացրին Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի բոլոր փուլերը, դրանց բնույթը, առանձնահատկությունները, անդրադարձան այն հարցին, թե ինչ առավելություններ ունի միջազգային դատախաղը, ինչ գիտելիքներ, հմտություններ ձեռք բերեցին մրցույթի շրջանակում, խոսեցին իրենց՝ Ալբանիայում անցկացված միաջազգային մրցույթից ստացած տպավորություններից։
Բանախոսները նշեցին, որ միջազգային մրցույթը հնարավորություն տվեց կապեր հաստատելու թե՛ աշխարհի տարբեր երկրներում սովորող ուսանողների և թե՛ մասնագիտական ոլորտում հեղինակություն ունեցող իրավաբանների հետ։
Իր խոսքում Նուր Բեն Միմին նշեց․ «Սա միջազգային առաջին դատախաղն էր, որին ես մասնակցել եմ, և այն ինձ տվեց հնարավորություն՝ մասնագիտական ոլորտում փորձելու սեփական ուժերս և գիտելիքներս»։
Վերոնիկա Սերանո Տամային ասաց․ «Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթը բավականին օգտակար և հետագայում կիրառական նշանակություն ունեցող գիտելիքներ տվեց ինձ՝ ստեղծելով հնարավորություն ծանոթանալու և կապեր հաստատելու աշխարհի տարբեր երկրների երիտասարդ իրավաբանների հետ»։
Քննարկման մասնակիցներից ԵՊՀ ուսանող Սերգեյ Սարգսյանն ընդգծեց․ «Հանդիպումը շատ հետաքրքիր էր։ Բանախոսները բովանդակալից ձևով ներկայացրին Ժան Պիկտեի անվան միջազգային մրցույթի էությունը, ինչպես նաև տվեցին անհրաժեշտ և կարևոր գիտելիքներ, որոնք հետագայում կարող ենք կիրառել թե՛ նման միջազգային դատախաղերի, թե՛ մեր մասնագիտական գործունեության ընթացքում»։