ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ԵՊՀ), հավատարիմ մնալով մարդկանց միջև հավասարության պահպանման, մարդու արժանապատվության պաշտպանության, խտրականության բացառման հիմնարար սկզբունքներին, անթույլատրելի է համարում սեռական որևէ ոտնձգություն և որդեգրում է սույն քաղաքականությամբ սահմանված մոտեցումների ու կանոնների շրջանակում կանխարգելել ու պատժել սեռական ոտնձգության որևէ փորձ կամ միտում, ԵՊՀ աշխատողների ու ուսանողների համար ստեղծել անվտանգ ու ապահով աշխատանքային միջավայր:
Սեռական ոտնձգության բացառման սույն քաղաքականության (այսուհետև՝ քաղաքականություն) նպատակն է սահմանել հիմնական հասկացությունները, նկարագրել վարվեցողության անթույլատրելի դրսևորումները, հստակեցնել սեռական ոտնձգության կանխարգելման և պատժի հիմնական գործողությունները, ապահովել սեռական ոտնձգությունից զերծ միջավայր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և բացառվում է խտրականությունը։
ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱՆԱԿԸ
Սեռական ոտնձգությունը գենդերային խտրականության դրսևորման տեսակ է, խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի գործողություն կամ ցանկացած իրավիճակ, որն ուղղված է անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին:.
Սեռական ոտնձգության հասկացությունն իր մեջ ներառում է հետևյալ դրսևորումները, բայց սահմանափակված չէ դրանցով.
- սեռական հարաբերության դիմաց աշխատանքային կարգավիճակի բարելավման խոստում տալը,
- սեռական հարաբերության դիմաց աշխատանքի ընդունելու խոստում տալը,
- սեռական հարաբերության դիմաց կրթական առաջընթացի խոստում տալը,
- սեռական բնույթի կատակներ և մեկնաբանություններ անելը,
- աշխատողների, կամ ուսանողների մասին սեռական բնույթի լուրեր տարածելը,
- սեռական բնույթի նամակներ, հաղորդագրություններ, տեսաձայնային նյութեր ուղարկելը, կամ շրջանառելը,
- անձի սեռական կյանքի մասին անհարկի հարցեր տալը, կամ մեկնաբանություններ անելը,
- անցանկալի գրկախառնությունները, համբույրները և հպումները,
- քրեորեն պատժելի արարքները՝ ներառյալ սեռական հետապնդումը, սեռական բռնություն գործադրելը, սեռական պարտադրանքը և այլն։
ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Սեռական ոտնձգության կանխարգելման հիմնական գործիքը երևույթի, ինչպես նաև սույն քաղաքականության մասին ԵՊՀ աշխատողներին և ուսանողներին իրազեկումն է։ ԵՊՀ-ն, հանդիսանալով գիտելիքի ստեղծման և փոխանցման միջավայր, պետք է առաջին հերթին այդ միջավայրում գործող անհատներին իրազեկի վարվեցողության թույլատրելի և անթույլատրելի դրսևորումների մասին։
Աշխատանքի ընդունվող յուրաքանչյուր անձ ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի կողմից պետք է իրազեկվի սույն քաղաքականության մասին և ստորագրությամբ հաստատի ծանոթացումը։
Քաղաքականության ընդունման պահին ԵՊՀ-ում աշխատողները քաղաքականության մասին պետք է պատշաճ իրազեկվեն և ստորագրեն ծանոթացումը։
Սեռական ոտնձգության կանխարգելման եղանակների և ընթացակարգերի մասին իրազեկումը պետք է ներառվի նաև ԵՊՀ վերապատրաստման ծրագրերում։
ԵՊՀ ընդունվելիս, ինչպես նաև քաղաքականության ընդունման պահին ԵՊՀ-ում սովորողներին ծանուցվում է սույն քաղաքականության մասին՝ նրանց էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։
ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակազմերը պետք է անցնեն վերապատրաստում՝ սույն քաղաքականությամբ սահմանված գործառույթների իրականացման համար:
ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ԵՊՀ աշխատողը կամ ուսանողը կարող է տեղեկացնել սեռական ոտնձգության դեպքի մասին, անկախ այն հանգամանքից՝ ինքը ոտնձգության զոհն է, թե վկան։
Սեռական ոտնձգության դեպքի մասին տեղեկատվությունը աշխատողի դեպքում պետք է հասցեագրվի ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարին, իսկ ուսանողի դեպքում՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենին:
Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետ նշված ստորաբաժանումների ղեկավարները նախաձեռնում և իրականացնում են դեպքի քննություն:
Քննություն իրականացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է ԵՊՀ ռեկտորի հրամանով:
Քննության հանձնաժողովի անդամները կամ ներգրավված մասնագետները պարտավոր են չհրապարակել սեռական ոտնձգության դեպքի քննության ընթացքում տեղեկատվություն տրամադրողի, ոտնձգության զոհի, ինչպես նաև ոտնձգության մեջ մեղադրվողի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի վերաբերյալ ստորագրում են համապատասխան հայտարարություն։
Քննության արդյունքում հաստատված տեղեկատվությունը ու դրա կապակցությամբ կատարված եզրակացությունը ներկայացվում է ԵՊՀ ռեկտորին՝ որոշում կայացնելու համար։
ԵՊՀ ռեկտորն իրավասու է քննություն իրականացրած հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված կարգով աշխատողին, կամ ուսանողին ենթարկել կարգապահական տույժի, կամ առերևույթ հանցագործության տարրեր պարունակելու դեպքում այդ մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։