Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հունիսի 7-ին տեղի ունեցավ Վիլնյուսի Նիկոլաս Ռոմերիսի համալսարանի (Լիտվա) պրոֆեսորներ Իրենա Զեմայտեյտիտի և Յոլանտա Պիվորիենեի երկրորդ հանդիպումը կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպման նպատակն էր գիտամանկավարժական հարուստ փորձի փոխանակման համար ստեղծել համագործակցային կապեր։
Բանախոսներին ողջունեց ՄԿԶԿ տնօրեն, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը։ Նա կարևորեց միջգիտական համագործակցությունը և նշեց, որ գիտամանկավարժական հետազոտությունների դաշտը ինչքան ընդլայնվի և համընդգրկուն լինի, այնքան ավելի բազմակողմանի կստացվեն ուսումնասիրությունների վերջնարդյունքները։
Հանդիպման ընթացքում պրոֆեսորներ Իրենա Զեմայտեյտիտը և Յոլանտա Պիվորիենեն ներկայացրին Լիտվայի՝ եվրոպական կրթական տարածքում ինտեգրվելու կարևորությունը՝ նշելով, որ մասնագիտական կրթության կազմակերպման շատ հարցեր իրենց երկրում բարեփոխումների են ենթարկվել 2009 թվականից։
Բանախոսները քննարկում ծավալեցին ՄԿԶԿ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, համեմատեցին Վիլնյուսի Նիկոլաս Ռոմերիսի համալսարանում և Երևանի պետական համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը, բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացները, հետազոտական աշխատանքներ կատարելու ձևերը, առանձնացրին ընդհանրություններ և տարբերություններ։
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Ն․ Հարությունյանը հյուրերին հանձնեց կենտրոնում տպագրվող «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գրախոսվող գիտամեթոդական եռալեզու հանդեսի համարներից՝ հույս հայտնելով, որ ապագայում հնարավոր կլինի համատեղ իրականացնել մանկավարժության արդի հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական նախագիծ։