Ս․թ․ հուլիսի 8-9 ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացրին Ամուլսարի հանքավայրում։
Ուսանողները հանքավայր այցելեցին ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Սարգիս Քելյանի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի գլխավորությամբ: Հանքավայրում նրանց դիմավորեց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, ե.գ.թ. Հայկ Ալոյանը, որը երկօրյա պրակտիկայի ընթացքում ներկայացրեց հանքավայրի երկրաբանական առանձնահատկությունները:
Պրակտիկայի առաջին օրը՝ առողջության և անվտանգության հրահանգավորումից հետո, ուսանողներին ներկայացվեցին Ամուլսարի ծրագրի պատմությունը, դրա երկրաբանական, տեխնոլոգիական, բնապահպանական, տնտեսական բաղադրիչները, ինչից հետո ուսանողները շրջայց կատարեցին Ամուլսարի ապագա բացահանքերի տարածք և հանքավայրերի ենթակառուցվածքներ:
Պրակտիկայի երկրորդ օրը ուսանողներն այցելեցին Գորայք` ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության երկրաբանական լաբորատորիային, այնտեղ առկա սարքավորումներին:
Ուսումնական պրակտիկան հագեցած էր և արդյունավետ: Ուսանողները ստացան ինչպես տեսական նոր գիտելիքներ, այնպես էլ ծանոթացան իրենց գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություններին։