ԵՊՀ-ի և «Գեո-Նալ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի ուսանողների պրակտիկ հմտությունները կատարելագործելու նպատակով ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեց դասընթաց։ Ընկերության մասնագետները ուսանողներին ներկայացրին անշարժ գույքի ներքին չափագրումները նորագույն լազերային սկանավորման սարքերով իրականացնելու առավելությունները։ Ուսանողների անմիջական մասնակցությամբ նախ հանութագրվեցին ֆակուլտետի միջանցքներն ու դասասենյակները, ապա համակարգչային մշակման ենթարկվեցին արդյունքները։ Ընկերության ղեկավար Հ․ Սահակյանը նշեց, որ նման միջոցառումները շարունակական են լինելու և ապագայում իրականացվելու են նաև դաշտային պայմաններում։ Ֆակուլտետի դեկան Ս. Քելյանը կարևորեց նմանօրինակ համագործակցությունները, քանի որ դրանք ապահովում են ուսանողների անմիջական կապը շուկայի հետ:
«Գեո-Նալ» ընկերությունը «Լեյկա Գեոսիստեմս» («Leica Geosystems») և «Լեյկա Միկրոսիստեմս» («Leica Microsystems») ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: «Լեյկա Գեոսիստեմս» ընկերությունն առաջարկում է լավագույն գեոդեզիական լուծումներ, չափագրում, լազերային սկանավորում, իսկ «Լեյկա Միկրոսիստեմս»-ը՝ օպտիկական, թվային և լազերային մանրադիտակներ։
Հավելենք՝ ընկերությունը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետին նվիրաբերել է թանկարժեք գեոդեզիական և քարտեզագրական սարք-սարքավորումներ, մասնավորապես թվային տախեոմետր, GNSS ընդունիչ և կայան` իրենց համալրող սարքերով, լազերային չափիչ սարքեր, որոնք նպաստելու են կրթական և հետազոտական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
- Главная
- Faculty
- Факультет географии и геологии
- Текущая информация
- Практический курс компании «Гео-Нал» для студентов ЕГУ