ԵՊՀ մեծ դահլիճում ս.թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2023-2024 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Միջոցառման մեկնարկն ազդարարվեց ԵՊՀ օրհներգով։
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով Պատմության ֆակուլտետի շրջանավարտներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտները մշտապես էական դեր են ունեցել Հայաստանի, ինքնության և մշակույթի պահպանման խնդիրների լուծման գործում, պետական համակարգում և կրթական ասպարեզներում։ Վստահ եմ, որ դուք կշարունակեք այն լավ ավանդույթները, որոնք ունի Երևանի պետական համալսարանի ամենահին ֆակուլտետը»։
ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ թեև համալսարանի տված մեթոդաբանությունն ու գիտելիքները հիմնարար են, սակայն շարունակական ինքնակրթությունն ու գիտելիքների բարելավումը պարտադիր են։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը, բարի երթ մաղթելով շրջանավարտներին, ընդգծեց. «Լինել համալսարանական նշանակում է առաջին հերթին կրել մեզ ավանդված գաղափարը, պատմությունը և հեղինակությունը։ Երևանի պետական համալսարանը տասնամյակներ շարունակ՝ Հայաստանի առաջին հանրապետության ծագումի դժնդակ տարիներին և հետագայում, եղել է արժեքներ ձևավորող կառույց։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ Երևանի պետական համալսարանի դիպլոմը ստանա այս համոզմամբ և պատասխանատվությամբ»։
Համալսարանական տարիների և մասնագիտական ձեռքբերումների մասին խոսեց Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Արաքսի Թորոսյանը։ «Համալսարանական տարիներն իմ կյանքում թե՛ կրթության, թե՛ ուսանողական կյանքի, թե՛ ընկերների և թե՛ աշխատանքի տեսանկյունից եղել են ամենահագեցած ու բովանդակալից ժամանակահատվածը: Հեռակա ուսուցման ուսանող լինելով՝ ուսման տարիներին կարողացել եմ աշխատել և համատեղել որակյալ կրթությունը՝ այդպիսով կոտրելով այն կարծրատիպը, որ հեռակա կրթությունը չի կարող տալ հիմնարար գիտելիքներ: Պատմության ֆակուլտետն այն հիմնաքարային կառույցն է, որը տվել է համալսարանականի մտածելակերպ, կրթություն և մասնագիտական հողի վրա ամուր կանգնելու հնարավորություններ: Պատմության ֆակուլտետն է, որ կերտել է իմ ներկայի Ես-ը»,- նշեց ԵՊՀ շրջանավարտը:
Պատմության ֆակուլտետը ճանապարհեց մասնագիտական գիտելիքներով զինված 199 շրջանավարտի։