Ս.թ. սեպտեմբերի 2-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ֆակուլտետը հանդիսավորությամբ դիմավորեց բակալավրի «Պատմություն», «Կովկասագիտություն», «Հնագիտություն և ազգագրություն», «Մշակութաբանություն», «Արվեստաբանություն» և մագիստրոսական կրթական ծրագրերի առաջին կուրսի ուսանողներին։
Առաջինկուրսեցիներին ողջույնի խոսք հղեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը. «Երևանի պետական համալսարանի ուսանող լինելը պատիվ է և պատասխանատվություն։ Դուք անցել եք ձեր կյանքի կարևոր փուլերից մեկը, և այդ ճանապարհին ամենամեծ հաջողությունն այն է, որ այսօր ԵՊՀ-ի հիմնադիր ֆակուլտետում եք։ Պատմության ֆակուլտետում գործող մասնագիտությունները մեծ և լուրջ ազդեցություն ունեն մեր պետության, հասարակության, պետական քաղաքականության և զարգացումների վրա»։
Պատմության ֆակուլտետի դեկանը վստահեցրեց, որ ֆակուլտետն անելու է առավելագույնը, որպեսզի ձևավորի այնպիսի միջավայր, որտեղ ուսանողները կսիրեն ընտրած մասնագիտությունը և կարձանագրեն հաջողություններ։
«Կովկասագիտություն» բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներ Մելիք Հարությունյանը և Միլենա Մարգարյանը նշեցին, որ հետաքրքրված են տարածաշրջանի քաղաքական զարգացումներով և ցանկանում են Պատմության ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի զարգացմանը։
«Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Ստելլա Սարոյանն ասաց. «Մտադրություն ունեմ զարգացնելու մասնագիտական հմտություններս ազգագրության ոլորտում։ Շարունակելով կրթությունս Հնագիտության և ազգագրության ամբիոնում՝ ցանկանում եմ խորացնել հետազոտական հմտություններս և նպաստել ազգային ինքնության պահպանմանը»։
Հավելենք, որ ուսանողներին ներկայացվեցին մասնագիտություններին առնչվող մանրամասներ, ուսումնական գործընթացի հիմնական սկզբունքները և թվային գործիքների կիրառման կարգն ու անհրաժեշտությունը։
Առաջինկուրսեցիների համար հաճելի անակնկալ դարձան ԵՊՀ տարբերանշանով նվերները։
Միջոցառմանը մասնակցեցին նաև Պատմության ֆակուլտետի գրասենյակի աշխատակիցները, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։