ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2023» ծրագրով իրականացվող նախագծի շրջանակում Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտողների խումբն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր` միջազգային գործընկերների հետ աշխատելու և գործակցային կապերն ընդլայնելու նպատակով։
Այցին մասնակցում էին «Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական գործողություն. հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով» խորագրով գիտական նախագծի համաղեկավար, հ.գ.թ. Սոնա Մանուսյանը, Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը և ամբիոնի դասախոս Անի Պողոսյանը։
Աշխատանքային այցի նպատակներն էին հեռավար լաբորատորիայի միջազգային ղեկավարի՝ դոկտոր Արին Այանյանի հետ տեղում աշխատելը, ինչպես նաև հրավիրող կառույցի՝ Կոնֆլիկտի և բռնության ուսումնասիրությունների միջառարկայական կենտրոնի (Բիլեֆելդի համալսարան) հետ ավելի առարկայական և երկարաժամկետ համագործակցային կապեր ստեղծելը։
Օտարերկրյա գործընկերների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում հետազոտական խումբը ներկայացրեց ծրագրի նպատակները, մեթոդաբանական շրջանակը, աշխատանքների ընթացիկ փուլի հիմնական արդյունքները, նախանշվող հետագա քայլերը՝ ուսումնասիրվող իրողությունների կարևորությունը տեսանելի դարձնելու համար նյութն ուղեկցելով հայաստանյան համատեքստի վերլուծությամբ։ Ընդգծվեց հանրային բարդ գործընթացների խորքային ըմբռնման գործում հոգեբանական ուսումնասիրությունների կարևորությունը:
Հետազոտական թիմը հանդիպեց նաև Բիլեֆելդի համալսարանում գործող Ճանաչողական շփման տեխնոլոգիայի կենտրոնի հետազոտող, դոկտոր Օլյա Հակոբյանի հետ, որն ուսումնասիրում է մարդկային հաղորդակցման առանձնահատկությունները սոցիալական մեդիայում՝ անանունացված տվյալների հիման վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական, գործակցության ուղիներին վերաբերող և մի շարք այլ հարցեր։ Աշխատանքային այցը կարևոր նշանակություն ուներ հետազոտության մեթոդաբանությունը համալրող գործիքներին ծանոթանալու, ինչպես նաև համատեղ աշխատանքների հեռանկարների տեսանկյունից։