ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար «Արտասահմանյան գրականության պատմություն» դասընթացի շրջանակում դասախոսություն կարդաց Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Ռաուլ Էշելմանը։
Դասընթացը վարող դասախոս, բ.գ.թ., ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Ն. Կ. Գոնչար-Խանջյանի հրավերով պրոֆեսոր Ռաուլ Էշելմանը ուսանողների համար ռուսերենով դասախոսություն կարդաց պոստմոդեռնիզի և հետպոստմոդեռնիզմի մասին:
Նա ուսանողներին պատմեց մոդեռնիզմի, պոստմոդեռնիզմի և հետպոստմոդեռնիզմի՝ 20-րդ և 21-րդ դարերի արվեստի և մշակույթի առանցքային ժամանակաշրջանների առանձնահատկությունների մասին: Մոդեռնիզմի գլխավոր հատկանիշը, ինչպես նշեց պրոֆեսորը, հանդիսատեսին ցնցելու ձգտումն է։ Այս համատեքստում պրոֆեսորն անդրադարձավ Մալևիչի նկարներին, Մարսել Դյուշանի «Շատրվան» հայտնի աշխատանքին։
Դասախոսության շրջանակում պրոֆեսորը ներկայացրեց արվեստում առկա պոստմոդեռնիզմի տարբեր օրինակներ և նշեց այդ ուղղության առանձնահատկությունները, խոսեց այն մասին, թե ինչպես են փոխվել մոտեցումները արվեստում, գրականության և կինոյի մեջ:
Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան կարևորեց այսօրինակ դասախոսությունների անցկացումը ֆակուլտետում՝ մատնանշելով, որ դրանք նպաստում են ուսանողների՝ նոր գիտելիքներ ձեռք բերելուն և աշխարհայացքի ընդլայնմանը։