Ս.թ. հուլիսի 9-11-ը անցկացվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած «Հակամարտությունների վերափոխում» խորագրով ամառային դպրոցը:
Դպրոցի շրջանակում ուսանողները ծանոթացան կոնֆլիկտաբանության հիմունքներին, էթնոքաղաքական հակամարտությունների ծագումնաբանությանն ու զարգացմանը, ժամանակակից հակամարտություններին և դրանց վերլուծության տեսական մոդելներին, համաշխարհային իրավակարգի ձևավորմանը, մեդիայի և քաղաքացիական հասարակության ազդեցությանը ժամանակակից հակամարտությունների վրա, ինչպես նաև միջազգային դատարաններում քննվող միջպետական հարցերին: Ամառային դպրոցի շրջանակում բանախոսություններով հանդես եկան ինչպես ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, այնպես էլ հրավիրյալ բանախոսներ` փորձագիտական համայնքից, պաշտոնատար անձինք:
«Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Անի Արսենյանը պատմեց. «Դասընթացը հնարավորություն տվեց ծանոթանալու գաղափարակից նոր մարդկանց հետ։ Այդ գերհագեցած 3 օրերը, իսկապես, ինձ նոր գիտելիք ու փորձ տվեցին։ Բանախոսները մեկը մյուսից պրոֆեսիոնալ էին․ նրանք տվեցին մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, ինչը օգտակար կլինի հետագայում իմ մասնագիտության մեջ»։
Դասընթացի մասնակիցներից Կառլեն Վարդանյանը նշեց․ «Ամառային դպրոցն իր մոտեցման և մատուցման տեսանկյունից յուրովի էր։ Այն գիտելիքահենք քննադատական մտածողության և աշխարհընկալման զարգացման հարթակ էր։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու դասավանդման մոդելը օգտակարության տեսանկյունից բարձունքում էին, իսկ մեր ստացած և յուրացրած գիտելիքները, վստահաբար, մեծ նշանակություն են ունենալու։ Վերջիվերջո, մեր մասնագիտությունն ունի և հետագայում էլ ունենալու է առանցքային կարևորություն»։
Դասընթացի մասնա-կիցներից Սյուզի Նորոյանը փաստեց, որ ամառային դպրոցին մասնակցությունը ընդլայնել է ժամանակակից միջազգային հարաբերությունների վերաբերյալ իր գիտելիքներն ու մոտեցումները: Նա մատնանշեց՝ ծրագիրն այնպես էր կազմակերպված, որ տեսական գիտելիքները համադրվեն ակտիվ քննարկումների հետ՝ յուրաքանչյուր օրը դարձնելով հետաքրքիր և բովանդակալից։ Բացի դրանից՝ թեմատիկ ընդգրկումը բավական մեծ էր՝ սկսած հակամարտությունների առաջացման տարբեր հիմքերից՝ հասնելով մինչև ժամանակակից մարտահրավերների վերլուծություն:
«Հատկապես տպավորված էի ինտերակտիվ քննարկումներով, երբ մենք հայտնում էինք մեր կարծիքը միջազգային հարաբերությունների հիմնական մոտեցումների շուրջ: Մասնագիտական և ակադեմիական տարբեր ոլորտներ ներկայացնող բանախոսներից ստացանք արժեքավոր գիտելիքներ, որոնք առնչվում էին միջազգային հակամարտություններում համապարփակ մոտեցման կարևորությանը, ինչպես նաև ծանոթացանք նրանց փորձին։ Այս ամենն ինձ հնարավորություն տվեց նոր գիտելիքներ ստանալու դիվանագիտության և խաղաղաշինության կարևոր դերի մասին»,- ընդգծեց Սյուզին: