ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև ս․թ․ սեպտեմբերի 27-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Ըստ հուշագրի՝ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցություն հաստատելու երկու ֆակուլտետներում գործող «Միջազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագրերի շրջանակում։ Փոխհամագործակցության արդյունքում նախատեսվում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ծրագրերի, ինչպես նաև համատեղ հետազոտական նախագծերի իրականացում։
Հուշագիրը ստորագրվեց ավելի քան մեկ տարվա բանակցությունների և գործակցության արդյունքում։ Ավելի քան մեկ շաբաթ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում էր գտնվում Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվիրակությունը՝ գլխավորությամբ քաղաքագիտության պրոֆեսոր, «Միջազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռաֆայել Բուստոս Գարսիա դե Կաստրոյի։ Նրանք ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություն կարդացին համաշխարհային քաղաքականությանը, միջազգային հարաբերությունների դերակատարներին և մի շարք այլ գործընթացների առնչվող թեմաներով։
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ամրապնդելու համագործակցությունը ոչ միայն երկու ֆակուլտետների, այլև Երևանի պետական համալսարանի և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի տարբեր ֆակուլտետների միջև։